ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր Արցախյան հիմնախնդրին, Բաքվում շատ ծանր տարան, քան մեր այսօրվա վարչապետի՝ Միլանում կրկին բարձրաձայնած ձևակերպումները, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Բաքվում լավ գիտեն, թե Արցախի հարցում ովքեր են ամենաանկոտրում և ամենանպատակասլաց գործիչները: Եվ Միլանում Նիկոլ Փաշինյանը լկտիաբար ստեց, թե իբր Սերժ Սարգսյանը բանակցում էր 7 շրջան խաղաղության դիմաց բանաձևի շուրջ: Ես չելենջ եմ անում հենց հիմա Փաշինյանին, թող ինքը հրապարակի այն փաստաթուղթը, որն ինքը ստացել է 2018-ի հունվարին և իրենց հարակից լրատվամիջոցներից մեկն իբր արտահոսք հրապարակել էր: Թող հրապարակի և տեսնենք, թե արդյոք 7 շրջան խաղաղության դիմաց էինք մենք բանակցում», - ասաց Աշոտյանը։ Նրա խոսքով, Փաշինյանը նման մի զավեշտալի պնդում դեռևս արել էր մեկ տարի առաջ:
«Առաջին անգամ եմ այս պատմությունը պատմում, այն ժամանակ իրար կողք էինք նստում: Վարչապետի և իմ նստատեղը իրար կողք էին: Երբ որ իմ հարցին ի պատասխան ինքն ասեց, թե թղթեր կան, որոնք ես ամբողջը կարդացել եմ, ես մոտեցա նիստից հետո և ասեցի, թե ուզում եմ տեսնել այդ թղթերը և արդյոք դա հնարավոր է: Ասեց՝ հնարավոր է, բայց գաղտնի էր, և ես ունեի գաղտնի փաստաթղթեր նայելու իրավունք և ես պայամանավորվեցի, որ պետք է զանգեմ Նիկոլ Փաշինյանի ընդունարան, որպեսզի իր աշխատասենյակում ծանոթանամ այն իբր գոյություն ունեցող գաղտնի փաստաթղթին, որի մասին Նիկոլ Փաշինյանն ակնարկում էր: Ես մի քանի անգամ ընդունարան զանգելուց հետո հասկացա, որ հրահանգ է տրված իմ զանգերը ցրելու: Եվ հաջորդ հարցուպատասխանի ժամանակ երբ նորից մոտեցա վարչապետին, ասացի զանգում եմ, չես պատասխանում, կարող է փոշմանե՞լ ես: Ասեց՝ այո, փոշմանել եմ», - պատմեց Աշոտյանը:
«Վատ եմ զգում, որ երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ քաղաքական տարաձայնություններով հանդերձ անգամ պետական ու ազգային հարցերի շուրջ այս իշխանություները այրում են միասնական աշխատանքի բոլոր կամուրջները: Գոնե Արցախի հարցում իշխանությունը չլիներ այսքան պաթոլոգիկ սուտասան, անգամ կարող էինք տարբեր ազգային ուժերի հետ միասին, պայմանավորված դերաբաշխությամբ խաղալ: Սակայն մենք շարունակելու ենք ՀՀ ազգային յուրաքանչյուր խնդրի մասին բարձրաձայնել: Իշխանություները Սերժ Սարգսյանի ելույթից նեղվել են նաև նրանից, որ կարծել են, թե մեզ ամեն ինչից զրկել են, նախագահի, վարչապետի պաշտոնից, խորհրդարան չենք մտել, ու հանկարծ մենք միջազգային հարթակներում ենք մենք, մեզ լսում են, ընդունում են:
Տղեք մի բան ասեմ ձեզ, մանդատը խելք չի տալիս, մանդատը զորություն չի տալիս: Այնպես չէ, որ ինձ, Ս.Սարգսյանին կամ իմ գործընկերներին միջազգային հարթակներում ճանաչում են, որովհետև մենք մանդատ ունենք, կամ որևէ պաշտոն, այդպես չէ: Ինչ-որ իշխանական խմբի այլ վերլուծաբաններ էլ ասում էին, որ այս ամեն ինչն արվեց, որովհետև ՀՀԿ-ականները լոբիստներ ունեն, լոբիզմով են զբաղված: Լավ ա, նոր իշխանություն է եկել ԵԺԿ-ում, այդ մարդիկ լավ չեն հասկանում, թե ինչ է նշանակում Եվրոպական միջազգային քաղաքական կառույցներ, որքան ինստիտուցիոնալ են նրանք: Իհարկե անձերն ունեն շատ մեծ նշանակություն և մենք շատ շնորհակալ ենք այլևս հեռացած ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին իր հայասիրության համար:
Երբեք չենք մոռանա այն ծաղիկները, որ նախագահ Դոլը խոնարհեց Ծիծեռնակաբերդում 2015-ի ապրիլի 24-ին: Եվ ուզում եմ բոլորի անունից շնորհակալ լինել նաև ԵԺԿ-ի կողմից ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ռեզոլյուցիայի համար: ԵԺԿ նոր նախագահ Դոնալդ Տուսկը իր գերկայություններից մեկը հայտարարեց մոտակա տարիների համար՝ պայքար պոպուլիստների և պոպուլիզմի դեմ: Սա կարծում եմ, որ շատ լուրջ գաղափարական հայտ է մեր և եվրոպական այլ կուսակցություների աշխատանքի համար»: