Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության ծրագրի մասին նախագիծը: Ըստ ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության ծրագրի՝ Կառավարությունը հաշվարկել և արձանագրել է, որ ներկայումս օրական 3700 ՀՀ դրամ են ծախսում ծերերի խնամքի համար, իսկ եթե փակեն ծերանոցները և փոքր խնամքի տներ ստեղծեն կամ ծերերին ընտանիքում պահելու համար գումար տրամադրեն, օրական 390 ՀՀ դրամ կծախսեն։
«Անկախ այն հանգամանքից, որ ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում վերջին տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, միջոցառումներ, ընդունվել՝ իրավական ակտեր, դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ և նոր մարտահրավերներ»,- նշված է նախագծում: Ըստ ռազմավարության՝ 2020-2024-ը նախատեսվում է փակել ՀՀ-ում գործող 5 պետական տուն-ինտերնատները, որտեղ հիմա խնամում են 1200 ծերերի: «Նախագծի ընդունման արդյունքում ռազմավարության գործողության ժամկետի ավարտին, կիսով չափ կպակասի տուն-ինտերնատներ դիմողների թիվը` ընդունելության կարգը և պայմանները վերանայելու արդյունքում, տուն-ինտերնատներում խնամվողների թիվը 60 %-ով կնվազի, մեկ տուն-ինտերնատ կլուծարվի և հանրապետության բոլոր մարզերում կգործեն այլընտրանքային համայնքային ծառայություններ` համայնքային փոքր տներ, շուրջօրյա խնամող դայակի ծառայություն, աջակցություն տարեց խնամող ընտանիքին, տարբեր ուղղվածության ցերեկային կենտրոններ, խնամատար ընտանիքի ծառայություն և այլն, մի մասն էլ կվերադառնա ընտանիք, որին կտրամադրվի սոցիալական աջակցություն»,- նշված է նախագծում: