Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշները

«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշները
24.11.2019 | 15:21

«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: ԿԲ-ից հայտնում են, որ բացի սուվերեն վարկանիշից, «Ֆիթչ»-ը մեկ մակարդակով բարձրացրել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափը՝ «BB», որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները «Ֆիթչ»-ի կողմից վարկանշվելու դեպքում արտարժույթով և ազգային արժույթով պարտատոմսերի համար կարող են ստանալ երկրի սուվերեն (BB-) վարկանիշից մեկ մակարդակ բարձր՝ (BB) վարկանիշ: Արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ պարտավորություններ թողարկողի սուվերեն վարկանիշը վերահաստատվել է «B» մակարդակում:


Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման որոշումը հիմնված է «Ֆիթչ»-ի գնահատականների վրա, որ Հայաստանի ինստիտուտները նպաստեցին խաղաղ և սահուն քաղաքական անցմանը և առավել կամրապնդվեն կառուցվածքային բարեփոխումների միջոցով: Կառավարությունը հաստատել է կայուն մակրոտնտեսական քաղաքականություն վարելու և կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու, այդ թվում՝ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարելու, ինստիտուտները և կառավարման համակարգը ուժեղացնելու իր հանձնառությունը:


Չնայած արտաքին անկայունությանը, ներքաղաքական ցնցումներին և արագ աճի ժամանակահատվածին, Հայաստանը պահպանել է մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը և գնաճը մնացել է ՀՀ կենտրոնական բանկի 4% թիրախից ցածր: «Ֆիթչ»-ը վստահում է արտաքին պարտքը նվազող հետագծի վրա պահելու կառավարության հանձնառությանը, որով նախատեսվում է մինչև 2023-ը կառավարության պարտքը հասցնել ՀՆԱ-ի 50%-ից ցածր մակարդակի: «Ֆիթչ»-ն ակնկալում է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը կմնա խելամիտ՝ ֆիսկալ կանոնում ամրագրված սկզբունքներին համապատասխան: Սպառման աճի և շինարարության ոլորտում իրականացվող դինամիկ մասնավոր ներդրումների շնորհիվ ՀՆԱ-ի աճը եղել է ավելի բարձր, քան նախատեսված էր և «Ֆիթչ»-ը բարձրացրել է Հայաստանի 2019-ի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 6.5% (նախկին կանխատեսումը 4.6%): Ծառայությունների և արդյունաբերության կայուն ոլորտները, Թեղուտի պղնձի հանքավայրի վերաբացման հաշվին հանքարդյունաբերության ոլորտի վերականգնումը և պետական ներդրումների ավելացումը կշարունակեն նպաստել տնտեսական աճին և 2020-2021-ին կապահովեն միջին հաշվով 4.7% աճ:


«Ֆիթչ»-ը կանխատեսում է, որ 2019-ին ընթացիկ հաշվի պակասուրդը կկրճատվի ի հաշիվ հանքահումքային ապրանքների արտահանման աճի և դինամիկ զարգացող զբոսաշրջության, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ճյուղերի: Արտաքին ֆինանսավորման մատչելիությունը, միջազգային պահուստների ավելացումը և փոխարժեքի ճկունությունը մեղմել են միջազգային իրացվելիության ռիսկը: Արտաքին ֆինանսավորման ռիսկերը մեղմվել են 2019թ. մայիսին ԱՄՀ հետ կնքված նախազգուշական Սթենդ-Բայ ֆինանսավորման մեխանիզմով և պաշտոնական վարկատուների աջակցությամբ: 2019-ի սեպտեմբերին կառավարության կողմից եվրոպարտատոմսերի թողարկումը և հաջորդ տարվա ընթացքում մարման ենթակա պարտատոմսերի 80%-ի ետգնումը վերացրել է վերաֆինանսավորման կարճաժամկետ ռիսկերը:


Բանկային հատվածը լավ կապիտալացված է և վարկերի աճը մնում է բարձր` ի հաշիվ հիփոթեքային և սպառողական վարկերի աճի: Վարկերի բարձր աճը, մասամբ, արտացոլում է ոչ ֆորմալ տնտեսության կրճատումը, տնային տնտեսությունների իրական եկամուտների ավելացումը և ցածր եկամտաբերության պայմաններում բանկերի «ռիսկայնության ախորժակի» մեծացումը: Բանկային հատվածի ակտիվների որակը բարձր է:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ