ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համագումարում ասել է, որ կուսակցությունը «պարտավոր է առաջնահերթություն համարել շարքային քաղաքացիների և Հայրենիքի շահերը»: Նա կոչ է արել «չխուսափել բարդ որոշումներից, չղեկավարվել իրավիճակային հանգամանքներով և չփորձել պոպուլիստական գործելակերպով ընտրական միավորներ վաստակել»:
Ռուսաստանում 2021-ին նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, և փորձագետները նշում են, որ իշխող կուսակցության վարկանիշն էապես նվազել է կենսաթոշակների համակարգի վիճահարույց բարեփոխման և ընդհանուր սոցիալական վիճակի վատացման պատճառով: Մեծ քաղաքներում և այլ բնակավայրերում բողոքի ակցիաներ եղան, երբ իշխանությունները տարբեր պատրվակներով ընդդիմությանը զրկեցին տեղական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունից: Պուտինի ընդդիմախոսների փոխանցմամբ, նախագահը վերջին տարիներին հետապնդում է այլախոհներին, սահմանափակում է բողոքի ակցիաներ կազմակերպելու քաղաքացիների իրավունքը, հալածում է հասարակական կազմակերպությունների ղեկավարներին: «Եդինայա Ռոսիա»-ի առաջնորդները համոզված են, որ կուսակցությունը 2021-ին կարող է 450-տեղանոց Պետդումայում ունենալ առնվազն 301 մանդատ: