«Հայաստանին և Ադրբեջանին նախապատրաստում են խաղաղության»՝ վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել «Կոմերսանտ»-ը:
Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությանը հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելությունների մասին՝ թերթը գրել է, թե փոխանակումը տեղի է ունեցել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ծրագրի շրջանակում, որը Բաքուն և Երևանը համաձայնեցրել էին 2019-ի հունվարին Փարիզում:
Ըստ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս ծրագիրը հնարավորություն է տվել կողմերին ընթացիկ տարում հասնել որոշակի տեղաշարժերի հումանիտար ուղղությամբ: Խոսքն առաջին հերթին բանտարկյալների փոխանակման մասին է: Հուլիսին Կարմիր Խաչի միջնորդությամբ Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանը և Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովը կարողացան հայրենիք վերադառնալ: Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը «Կոմերսանտ»-ին ասել է, որ շփման գծում փոխհրաձգությունների թվի նվազումը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ծրագրի իրականացման արդյունքն է: «Վերջին 12-14 ամիսներին իրավիճակը բարելավվել է: Իհարկե, եղել են դրա խախտման առանձին դեպքեր, սակայն նախորդ տարիների համեմատ իրավիճակը կայուն է: Այս ամռանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև չխանգարել գյուղացիներին բերքահավաքի ժամանակ և չկրակել», - «Կոմերսանտ»-ին ասել է Մայիլյանը: Թերթը զրուցել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Նա ասել է, թե հայկական կողմը պատրաստ է երկխոսության. «ՀՀ բնակչությունը ոգևորությամբ վստահում և հետևում է իր առաջնորդին: Եթե Նիկոլ Վովաևիչը վաղը ասի՝ «ա՛յ, տղերք, մենք հիմա բոլորս պատրաստվում ենք վերցնել Բաստիլի ամրոցը», բոլորը կթողնեն իրենց տները և կգնան»: Խոսելով Հայաստանի կողմից խաղաղության նախապատրաստման ծրագրի շրջանակում արձանագրված առաջընթացի մասին՝ Ալեն Սիմոնյանը, այդուհանդերձ, նշել է, որ ինքը չի տեսնում Ադրբեջանի կողմից դրա իրականացման նույն պատրաստակամությունը, քանի որ հռետորաբանությունը միայն ռազմատենչ է: «Կոմերսանտ»-ը հոդվածի վերջում տեղեկանք է ներկայացրել Ղարաբաղի մասին, որտեղ նշված է, թե «Լեռնային Ղարաբաղը, երբ դարձել է Ռուսական կայսրության մաս, ադրբեջանական մահմեդական շրջան էր»: