«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահ է՝ եթե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կամ «Սորոսի» գրասենյակի գործունեության վերաբերյալ ազգային անվտանգությանը սպառնացող տվյալներ ունենար, հաստատապես այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկեր: Իշխող մեծամասնության ղեկավարը, տարակուսանք հայտնելով ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունների վերաբերյալ, հիշեցնում է՝ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր նաև այն ժամանակ, երբ «Սորոսի» գրասենյակի մասին տարբեր մեկնաբանություններ էին հնչում: «Բավականին ժամանակ պարոն Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր, և եթե ունենար որևէ տեղեկատվություն ազգային անվտանգությանը սպառնացող, ես վստահ եմ, որ պարոն Վանեցյանը կձեռնարկեր բոլոր անհրաժեշտ գործողությունները ցանկացած վտանգ չեզոքացնելու համար, եթե դա չի արվել իր կողմից, ես համոզված եմ, որ ուրեմն նման վտանգ չի եղել», - նշեց Լիլիթ Մակունցը: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնպես հիշեցնում է՝ Արթուր Վանեցյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում, «Բաց հասարակության հիմնադրամներ»-ը Հայաստանում նույնպես երկար ժամանակ է գործունեություն է ծավալում, հետևաբար, եթե այդ կազմակերպության հետ կապված նման մտահոգություններ կային, և համակարգում աշխատելու տարիներին, և ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արթուր Վանեցյանը պետք է կոնկրետ գործողություններ իրականացներ: Հետևաբար՝ Մարուքյանը Վանեցյանի հայտարարությունները պարզապես քաղաքական է որակում, բայց շեշտում է՝ Վանեցյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: «Այդ հաղորդումները, կարծում եմ, պատշաճ կարգով պետք է քննարկման առարկա դառնան: Այսինքն՝ երբ ասվում է, որ էսինչ բանը սպառնալիք է, և, հետևաբար, այդ սպառնալիքի հետ կապված դու գործողություն պետք է անեիր ու չես արել, էդ հաղորդում է հանցագործության մասին, երբ ասվում է, որ «ես գիտեմ, որ կուսակցություն կա, որ դրսից ֆինանսավորվում է», և որևէ գործողություն չի արվել, էլի հանցագործության մասին հաղորդում է: Տիկին Մակունցը վստահ է, որ եթե սպառնալիք լիներ, ինքը գործողություններ կաներ, բայց այդ հարցուպատասխանից երևում է, որ սպառնալիք եղել է, ինքը չի արել գործողություններ: Դե թող ցուցմունք տա, ասի՝ «ես ուզում էի անեմ, վարչապետը ինձ թույլ չտվեց»:
Հետևաբար՝ այդ հայտարարությունները ես գնահատում եմ որպես քաղաքական, տոտալ քաղաքական, հնարավոր ինտրիգ պահելու և ապագայում խոսելու համար սպասելիք ձևավորելու առումով», - ասաց Մարուքյանը: Խորհրդարանական ուժերն այսօր անդրադարձան նաև Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե Հայաստանում կան ակտիվ քաղաքականությամբ զբաղվող ուժեր, որ ֆինանսավորվում են դրսից: «Իմ քայլ»-ի ղեկավար Լիլիթ Մակունցը, ԲՀԿ -ից խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը վստահեցրին՝ իրենք դրսից չեն ֆինանսավորվում: Մարուքյանը կատակեց, թե իրենք անգամ ներսից գումարներ չեն ստանում և մի կերպ են գործունեություն ծավալում։ «ՔՊ-ն որևէ երկրից, բնականաբար, գումար չի ստանում: ՔՊ-ի գումարները ձևավորվում են անդամավճարների տեսքով, և մենք կազմակերպում ենք հանրային դրամահավաք», - նշեց Մակունցը:Էնֆիաջյանն էլ ընդգծեց.«Ֆինանսական հոսքերի մասով մեր գործունեությունը միշտ եղել է թափանցիկ»: «Դրսից ֆինանսավորում չունենք, մենք անգամ ներսից ֆինանսավորում չունենք: Հայաստանի պատմության մեջ միակ խորհրդարանական ուժն է ԼՀԿ-ն, որ մեդիա չունի», - ասաց Մարուքյանը:
Խորհրդարանական ուժերն այսօր անդրադարձան նաև նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Զագրեբում, ԵԺԿ համագումարում ելույթին:
Էդմոն Մարուքյանը հակադարձեց՝ Սերժ Սարգսյանը քննադատում է մի համակարգ, որը ժամանակին ինքն է ստեղծել հենց իր համար, բայց չի հասցրել վայելել:
«Սահմանադրությամբ հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները խեղաթյուրված են և այդ Սահմանադրության հեղինակներն իրենք են: Այսօրվա քաղաքական համակարգը ժառանգել է սուպերվարչապետական համակարգ, որը հիմնադրել է Սերժ Սարգսյանը ինքն իր համար, սակայն բոլորիս հայտնի հանգամանքներից ելնելով չի կարողացել վայելել, հիմա post factum խոսում է այդ համակարգից, այսինքն ինքը քննադատում է այն, ինչը ինքը ստեղծել էր ինքն իր համար: Այսօրվա իշխանություններին էս մասով պետք է քննադատել նրա համար, որ այդ համակարգը դեռևս վերափոխված չէ և շարունակում ենք այդ համակարգում ապրել, և Հայաստանում ժողովրդավարությունը էմոցիոնալ մակարդակում է, որովհետև ինստիտուցիոնալ մակարդակում մենք ունենք Սերժ Սարգսյանի այդ ստեղծած համակարգը, որը ինքը շատ լավ նկարագրել է իր ելույթում, թե ինքը ինչ է արել Հայաստանի հետ», - ասաց Մարուքյանը:
Զագրեբում Սերժ Սարգսյանի հայտարարություններին հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Արձագանքելով Սարգսյանի պնդմանը, թե «հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն անցած մեկուկես տարում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել, Մակունցը շեշտեց, որ չնայած կառավարությունը արտաքին քաղաքականության վեկտորները չի փոխել, բայց և այնպես ձգտում է վարել բալանսավորված քաղաքակություն, նոր շեշտադրում և խորություն է հաղորդում իր գործընկերների հետ հարաբերություններին: