ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցից հետաքրքրվեց՝ դիտարկե՞լ են հետխորհրդային երկրների փորձը, որոնք Չինաստանի հետ մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման համաձայնագրեր ունեն։
Նա հարցրեց՝ համաձայնագիրը կնքելուց հետո ներհոսքի զգալի աճ կա, թե ոչ։ Պատգամավորը խնդրեց անդրադառնալ Հայաստանի և Հնդկաստանի միջև դյուրացված վիզային ռեժիմին։ «Չճշտված ինֆորմացիա եկավ, որ ինչ-որ խնդիրներ են եղել Հնդկաստանի քաղաքացիների և հայաստանցիների միջև։ Ի՞նչ խնդիրներ ենք ունեցել Հնդկաստանի քաղաքացիների հետ և այդպիսի երևույթ կա, թե դա մի դեպք էր, որ ուղղակի մամուլով աղմուկ հանեց», - հետաքրքրվեց պատգամավորը։
Ավետ Ադոնցը ասաց, որ Հնդկաստանի և Չինաստանի միջև զուգահեռներ չարժե տանել։ «Կառավարությունը մոտ երկու շաբաթ առաջ վերահստակեցրել է Հնդկաստանի քաղաքացիների համար գոյություն ունեցող ռեժիմը, որոնք մինչ վերջերս կարող էին այցելել Հայաստան և վիզան ստանալ օդանավակայանում։ Այսօրվա դրությամբ մեր կողմից ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ։ «Զվարթնոց» օդանավակայանում կամ ՀՀ որևէ սահմանային կետում Հնդկաստանի քաղաքացիներին վիզան մեխանիկորեն տրամադրելու սահմանափակումներ կան», - նշեց նա: