Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ հումանիտար կապերի շուրջ այս տարվա մարտին ձեռք բերված պայմանավորվածության իրականացումն է:
«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը ասել է Ադրբեջանից վերադարձած՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը։ «Բաքուն մեծ, հարուստ և խնամված քաղաք է: Ղուբան համադրելի էր մեր քաղաքների հետ՝ Ստեփանավանից մի փոքր ավելի մեծ էր: Գանձակը համեմատելի է մեր Գյումրիի հետ, բայց ավելի մեծ ու հարուստ քաղաք է: Ճանապարհներին տեսանք նաև ադրբեջանական գյուղերը»,– ասել է նա: Ըստ Էլբակյանի՝ ինչպես այլ հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում էլ ներդրումների մեծ մասը հոսում է մայրաքաղաք, իսկ շրջանները թերզարգացած են. «Բաքվի 20 գյուղական արվարձանները հետնախորշ են հիշեցնում: Ադրբեջանցիները դրանք անվանում են «Բաքվի գյուղեր»: Որոշ հետնախորշեր կան նաև Բաքվի կենտրոնում»: Էդգար Էլբակյանը հիշեցրել է, որ Ադրբեջանում կան հայկական և կանգուն, և խոնարհված պատմամշակութային հուշարձաններ. «Բաքվում, օրինակ, այդպիսին է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը ներկայումս ծառայում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի գրադարանին, և այնտեղ աշխատում են խորհրդային տարիներից Բաքվում մնացած հայեր:
Գանձակում ունենք Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը կանգուն է և քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային դահլիճն է: Բաքվի հայկական եկեղեցու տարածքում և Հեյդար Ալիևի կենտրոնում փակցված էին «ադրբեջանցիների ցեղասպանության» մասին պաստառներ»: Էլբակյանի պնդմամբ՝ Երևան ու Շուշի այցելած ադրբեջանցի լրագրողները շատ ավելի ազատ են եղել շրջելու այդ քաղաքներում, քան իրենք՝ Ադրբեջանում, բացի այդ՝ ադրբեջանցի լրագրողները, թերևս, իրենց թեմատիկ հրապարակումների ամեն բառը համաձայնեցնելու են իշխանության հետ. «Մեր բոլոր զրուցակիցներն Ադրբեջանում զտված, հատուկ անձինք էին: Իրենք խնդիր ունեին ցույց տալու, որ մեր ժողովուրդների համատեղ գոյակցությունը հնարավոր է: Իսկ մեզ պատահաբար հանդիպած անձանցից շատերը չգիտեին, թե մենք ով ենք, մեր ուղեկիցները մեզ խնդրում էին իրար հետ հայերեն չխոսել»: Էդգար Էլբակյանի կարծիքով՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, թեև իրենք տպավորություն չեն ստացել, թե այնտեղ մարդիկ քնում ու զարթնում են Ղարաբաղի մասին մտքերով, այլ բան, որ հարցի լուծման միայն մի տարբերակ են տեսնում:
«Մեր զրուցակիցներից մեկը, ի պատասխան այն պնդման, որ մեզ համար զիջումներն անընդունելի են, ասաց՝ դուք հասկանո՞ւմ եք, որ նման լուծումը կարող է վատ նախադեպ լինել ավարների ու թալիշների համար: Իմ տպավորությամբ՝ այս հակամարտությունը մեր կողմից կարելի է հաղթական ավարտի հասցնել գրագետ կազմակերպելու դեպքում»,- ամփոփել է Էլբակյանը: