Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այսօր նախագահ ընտրեց ԼՀԿ-ի առաջադրած թեկնածու Հայկուհի Հարությունյանին: Հանձնաժողովը ձևավորվել է անցած շաբաթ ԱԺ-ում, հինգ անդամներից 2-ը ԲՀԿ և ԼՀԿ ներկայացուցիչներն են, մեկը՝ «Իմ քայլի», մյուս երկուսը իշխանության գործադիր և դատական ճյուղերն են ներկայացնում: Նախագահի պաշտոնի համար ինքնառաջադրվեցին ԼՀԿ քվոտայով ընտրված Հայկուհի Հարությունյանը և «Իմ քայլի» քվոտայով ընտրված Էդգար Շաթիրյանը։ Ձայների մեծամասնությամբ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը, նրան կողմ քվեարկեցին ԲՀԿ-ի, կառավարության և ԲԴԽ քվոտայով ընտրված անդամները: Նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու Էդգար Շաթիրյանը չի հերքում՝ ինքը ևս լսել էր կարծիքներ, որ նախագահի հավանական թեկնածուն ինքն է:
Ասում է՝ քվեարկության արդյունքները գալիս են ապացուցելու, որ իրենց աղբյուրներին հղում անող լրատվամիջոցները սխալվել են, կանխատեսելով, թե նախագահի պաշտոնում պարտադիր իշխանության որևէ թևի թեկնածուն պետք է ընտրվեր: «Ես չգիտեմ ինչ շրջանակներ էին դրանք դրել շրջանառության մեջ և ում կամ ինչ խմբի շահեր էին ցանկանում, տրամադրություններ էին ցանկանում շոշափել, ես սրտանց շնորհավորում եմ իմ գործընկերոջը, վստահեցնում եմ, որևէ նստվածք չկա», - ասաց Շաթիրյանը: