Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին՝ շեշտելով, թե նա կանխակալ վերաբերմունք ունի իրենց պաշտպանյալների նկատմամբ: Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն, անդրադառնալով իր գործընկերոջը ներկայացված բացարկին, ասաց, թե պաշտպանական կողմի դիրքորոշումները կառուցված են հիմնականում քաղաքական հայտարարությունների վրա։
«Դրանք ունեն շատ հստակ հասցեներ։ Բացարկը չի կարող քաղաքական փաստարկների վրա հիմնվել», - ասաց Գևորգ Բաղդասարյանը։ Պնդումները, թե այս գործով դատախազության դիրքորոշումը փոխվել է, դատախազը հերքեց. «Այս գործով մի ժամանակահատվածում, մի փուլում, ինչ-որ մի օր փոխվել են գործով ձեռք բերված փաստական տվյալներն ու չեմ զարմացնելու որևէ մեկին՝ ասելով, որ այդ փաստական տվյալները փոխվել են որևէ քաղաքական նշանակություն չունեցող օր»։
Նա նշեց, թե Կարեն Բիշարյանի կողմնակալությունը կասկածի տակ դնելու հիմքեր չկան։ «Հետևաբար, խնդրում ենք մերժել բացարկը», - ասաց Բաղդասարյանը։ Մեղադրող մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ խնդրեց մերժել բացարկի միջնորդությունը։