Թուրքիան խոստումներ չի տվել, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը չի գործարկելու՝ հայտարարել է ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Մենք ոչ ոքի չենք խոստացել, որ չենք ծավալելու կամ օգտագործելու C-400-ը: Մենք գնել ենք, որովհետև հակաօդային պաշտպանության համակարգի կարիքն ունենք»,-նախարարի խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը:
Թուրքիայի զինված ուժերը նոյեմբերի 25-ին սկսել են C-400-ի ռադիոտեղորոշման համակարգերի փորձարկումները: Ավելի վաղ ամերիկացի սենատոր Քրիս վան Հոլենը հայտարարել է, որ Թուրքիան հատել է հերթական «կարմիր գիծը»՝ ձեռնամուխ լինելով ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի ռադարների փորձարկմանը: «Սպիտակ տուն այցից երկու շաբաթ անց Էրդողանը հարգանքի բացակայություն է հանդես բերում Թրամփի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ և հատում C-400-ի հետ կապված ևս մեկ կարմիր գիծ»,- գրել է Հոլենը: Նրա խոսքով՝ գոյություն ունեցող օրենքն ԱՄՆ-ի նախագահից պահանջում է պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ: Էրդողանը նոյեմբերի 26-ին լրագրողներին հայտարարել է, որ Անկարան մտադիր է C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման ու շահագործման շուրջ ԱՄՆ-ի հետ իր տարաձայնությունները կարգավորել մինչև 2020-ի ապրիլը: