ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված գրության և տեղեկատվության հիման վրա ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական տարածքում շահագործվող հանքավայրից արդյունահանման օրինականությունը:
Անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՊԵԿ-ից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական տարածքում գտնվող Կողբավանի հրաբխային տուֆերի Սևակասարի տեղամասում, նախկինում շահագործված հանքավայրում 2019-ի հունիս-հոկտեմբերին ՍՊ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի, արդյունահանվել է 1824 խմ՝ 45.6մլն դրամի տուֆի զանգված: Դրանով էական վնաս է պատճառվել ընդերքի օգտակար հանածոներին։ Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում ձեռք են բերվել ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: