Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն հանդիպեց դասադուլ անող ուսանողներին

ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն հանդիպեց դասադուլ անող ուսանողներին
27.11.2019 | 23:22

Երևանի պետական համալսարանի բանասիրականի ֆակուլտետի ուսանողների բողոքի ակցիան այսօր տեղափոխվել էր ռեկտորի աշխատասենյակի մոտ։
Նրանք պահանջում էին ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից հստակ դիրքորոշում հայտնել՝ կողմ է, թե դեմ, որ ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դառնան հայեցողական և ոչ թե պարտադիր։ Ուսանողների կարծիքով՝ դասադուլը չի խոչընդոտում իրենց կրթություն ստանալուն. դասադուլից հետո գիրք էլ են կարդում։ Հարցին՝ ե՞րբ են վերադառնալու լսարան, նա պատասխանեց. «Դեռ կոնկրետ ժամկետներ չենք կարող նշել»։ Առարկաները պարտադիրից հայեցողական դարձնելու գաղափարը ԿԳՄՍ նախարարությանն է։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել: Առաջարկին ընդդիմացող ուսանողներն արդեն երեք շաբաթ է՝ լսարան չեն մտնում և պահանջում էին ռեկտորի հետ հանդիպում: Նստացույց անող ուսանողներին Գեղամ Գևորգյանն արձագանքեց մեկ ժամ անց:


«Դասադուլը կամ գործադուլը պետք է ուղղված լիներ ձեր աշխատանքային կամ ուսման պայմանների բարելավմանը կամ ինչ-որ բաներից դժգոհելուն, ձեր պահանջը դա չի։ Ձեր պահանջը քաղաքական է, ձեր պահանջն ուղղված է Ազգային ժողովին։ Դուք օրենքում ուզում եք ինչ-որ բան ամրագրել, ճի՞շտ է, կարևոր չէ, թե ինչ, օրենքով ինչ-որ բան ամրագրվի», - ուսանողներին դիմելով՝ ասաց ռեկտորի ԺՊ-ն: Ուսանողները բացատրեցին, որ պահանջը քաղաքական չէ, հասցեատերն էլ հստակ է՝ համալսարանի գիտխորհրդի աշխատանքային քննարկում հրավիրվի, և հստակեցվի ԵՊՀ ղեկավարության դիրքորոշումը, ի վերջո, եթե օրենքն էլ ընդունվի, համալսարանի գիտխորհուրդն է վերջնականապես որոշողը՝ որ ֆակուլտետների ծրագրում ներգրավեն այդ առարկաները: Ուսանողները նկատեցին՝ իրենք «պահանջ» բառը չեն օգտագործել, խնդրել են համալսարանի ղեկավարությունից անցկացնել գիտական խորհրդի արտահերթ նիստ։ Գեղամ Գևորգյանը նշեց, որ երբ ասում է, որ նրանց պահանջն ուղղված է Ազգային ժողովին, նկատի ունի, որ օրենք ընդունողն էլ հենց այդ մարմինն է. «Համալսարանում օրենքի աշխատանքային տարբերակի քննարկում եղել է, և եղել են բազմաթիվ առաջարկություններ, դժգոհություններ և այլն։ Երբ խոսքը հասավ այդ երկու առարկաների պարտադիր լինելն ամրագրել կամ ոչ, գիտխորհրդի կողմից եղավ առաջարկ, եկեք այդ հարցը չքննարկենք, որովհետև այդ հարցով գիտխորհրդում համաձայնության չենք գա և կշեղվենք մնացած հարցերի քննարկումից», - առաջարկեց նա։


Ռեկտորը համաձայնեց հանդիպել Բանասիրական ֆակուլտետի ուսանողներին և հարցը քննարկել պայմանով. «Հենց որ կլինի խոսքի ընդհատում, թողնենք, դուրս գանք», - ասաց նա։ Ռեկտորի հետ հանդիպման ժամն ու օրը կհստակեցվի վաղը:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ