Ցուցարարները պահանաջում էին հանդիպում՝ վարչապետի, ոստիկանապետի և ՊԵԿ նախագահի հետ: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրավապահ կառույցներից այցելելում են ավտոներկրողներին, ստուգումներ իրականացնում և գործեր հարուցում՝ պահանջելով եկամտահարկ վճարել 2017-ին ներկրված և վաճառված մեքենաների համար: Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ իրենց առաջարկել են հանդիպել նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ: Ավտոներկրողները պահանջում են փոխել ոլորտի քաղաքականությունը: Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը: Ավտոներկրողներն իրենց պահանջները գրավոր փոխանցեցին՝ մաքսատունը Գյումրիից տեղափոխելու, աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի, բեռնափոխադրման և այլ հարցերի հետ կապված:
«Մաքսատունը արդյունավետ չի աշխատում, մեքենաները բեռնաթափող կազմակերպության աշխատանքի հետևանքով մեքենաները վնասվում են: Կարաք հրապարկեք ձեռնարկության, ընկերության անունը, մեկ էլ, թե ով է դրա սեփականատերը, ինչ տենդեր է եղել: Իմ ոչ պաշտոնական տվյալներով՝ հենց Գյումրու մաքսատան պետն է»,-խոսնակին դիմելով՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Ակցիայի մասնակցի խոսքով՝ իշխանությունները զբաղվածության և գործարարության խթանման համար քայլեր չեն ձեռնարկում, այլ՝ ճիշտ հակառակը: «ՊԵԿ-ի քաղաքականության և վարչարարության հետևանքով ադրբեջանական գործարար հատվածը ֆինանսավորում է ստանում: Մեղադրանք եմ հնչեցնում, թող մեկը կանգնի ու ասի՝ նման բան չկա: Տնտեսավարող սուբյեկտի պոտենցիալը մեկ ամսում կազմում է 15 մեքենա, բայց ներկայիս կառավարման համակարգի պատճառով բերում են ոչ 15, այլ 5 մեքենա, դիտավորյալ ներկրումների հետ կապված տեմպը դանդաղեցրել են: Ղազախները ՀՀ սահմանը չանցած ստանում են ՀՀ գրանցում, Վրաստանից միանգամից գնում են Դուբայ՝ մեքենա գնելու՝ որպես ՀՀ քաղաքացիներ, և շրջանցում են մեր տնտեսավարողներին»,-նշեց մասնակիցը՝ հավելելով, որ աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի պատճառով ներկրվող մեքենաների ղեկը փոխում են Վրաստանում, իսկ այդ ոլորտում հիմնականում ադրբեջանցիներ են աշխատում: