Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հայաստանի վարչապետը հանդիպել է Ղրղըզստանի նախագահին

Հայաստանի վարչապետը հանդիպել է Ղրղըզստանի նախագահին
28.11.2019 | 13:35

Բիշքեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հետ: Նա ասել է․«ՀԱՊԿ-ում մեր նախագահության ընթացքում մենք ներդրել ենք բոլոր ջանքերը` կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ: Մենք շահագրգռված ենք միասնական ջանքերով դիմագրավելու բոլոր հնարավոր մարտահրավերներին, զարգացնելու հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քաղաքական հարաբերություններն ունեն երկար տարիների պատմություն, ու կառավարությունները պետք է քայլեր ձեռնարկեն զարգացնելու նաև տնտեսական համագործակցությունը: «Մենք ունենք հնարավորություն նոր թափ հաղորդելու առևտրատնտեսական կապերին, դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ: 21-րդ դարում աշխարհագրական հեռավորությունը խնդիր չէ, պետք է սկսել այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանմանը», - ասել է Հայաստանի վարչապետը:


Անդրադառնալով Ղրղըզստանի ներքաղաքական վիճակին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է իրավիճակի կայունացման ու կարգավորման կապակցությամբ:
«Մենք սերտորեն համագործակցում ենք ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակում, ինչը ստեղծում է լավ հնարավորություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության համար», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:


Առանձնազրույցի ընթացքում Փաշինյանը և Ժենբեկովը քննարկել են հայ-ղրղըզական հարաբերությունների տարբեր հարցեր, կարևորել տնտեսական փոխգործակցության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը, գործարար կապերի ընդլայնումը: Նրանք մտքեր են փոխանակել ինտեգրացիոն միավորումներում համագործակցության վերաբերյալ:

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ