Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ՀԱՊԿ երկրների անվտանգության համար

Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ՀԱՊԿ երկրների անվտանգության համար
28.11.2019 | 21:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, թե Հայաստանը մտադիր է այսուհետ շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Բիշքեկում ՀԱՊԿ գագաթաժողովում նա նաև անդրադարձել է ղարաբաղյան խնդրին և համոզմունք հայտնել, որ ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են, խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա: Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար:

«Կարծում եմ՝ նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր կորցնելով ազդեցությունը Սիրիայում փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանն աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով», - ասել է Հայաստանի վարչապետը:


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Նրա խոսքով՝ հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները: ՀԱՊԿ հավաքին Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է․ «Ուրախ եմ նշել, որ մենք կարողանում ենք համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Վստահ եմ, որ Ստանիսլավ Զասի փորձը կարևոր կլինի այս պատասխանատու պաշտոնում»:


ՀԱՊԿ-ի այսօրվա նիստում նախագահությունը կազմակերպությունում ստանձնել է Ռուսաստանը: ՌԴ-ն մտադիր է եկող տարի երկրորդ համաշխարհային պատերազմում կրած հաղթանակի 75-ամյա հոբելյանին նվիրված մեծ միջոցառում կազմակերպել մայիս 9-ին Մոսկվայում: Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին պաշտոնապես հրավիրել է մասնակցել հաղթանակին նվիրված զորահանդեսին Կարմիր հրապարակում:
Պուտինընաև հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը պետք է զարգացնի խաղաղապահ առաքելությունը: Մինչ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները մասնակցում էին նեղ շրջանակով նիստին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը «Սպուտնիկ» գործակալության հարցերին պատասխանելիս անդրադարձել էր հայ-ռուսական հարաբերություններին՝ ասելով, թե դրանք հիանալի զարգանում են:


«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Պուտինի շփումը կառուցողական է», - ասել է Դմիտրի Պեսկովը, հավելելով, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավական ժամանակ է անցել և հայ-ռուսական հարաբերություններում դադարը լրացվել է:
Պուտին-Քոչարյան հարաբերությունների մասին հարցին, Պեսկովը մանրամասն պատասխան չի տվել, միայն ասել է․ «Վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջ Բելլա Քոչարյանին, նրանք կապը պահպանում են: Պուտինն ու Քոչարյանը ընկերական հարաբերություններ ունեն»: Հայ-ռուսական հարաբերություններին անդրադարձել էր նաև Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ նկատելով, թե Մոսկվայի և Երևանի միջև բոլոր խնդիրները լուծվում են:


Ռուսաստանցի փորձագետները համարում են, թե ՀԱՊԿ-ը չի վերածվել սառը պատերազմի տարիների Վարշավյան պայմանագրի կազմակերպության, նշելով, թե տարաձայնությունները ՀԱՊԿ-ում պահպանվում են: Փորձագետների կարծիքով՝ կազմակերպությունը հետխորհրդային տարածքում կայունացնող դերակատարություն ունի և նրա դերը պետք չէ թերագնահատել:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ