Ռուսաստանում մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների հաղորդումների, ոստիկանության նախկին պաշտոնյայի մահը վրա է հասել Պյատիգորսկում մասնավոր գարեջրի գործարանում գազի պայթյունի հետևանքով: Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատեց Կարապետյանի հարազատներից մեկը: Նա հայտնեց՝ պայթյունի հետևանքով մահացել է նաև ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մորեղբայրը։ Ռուսաստանում երկու մարդկանց մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել՝ տեխնիկական պահանջները չբավարարելու հատկանիշներով։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ գարեջրի գործարանը գազի ցանցին միանալու թույլտվություն չի ունեցել։
49-ամյա Կարապետյանը ոստիկանության համակարգում աշխատել է 1990-ականներից, 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ էլ եղել է ոստիկանության Երևանի վարչության Խորհրդային բաժնի պետը։ Հետընտրական արյունալի իրադարձություններից մեկ տարի անց պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:
Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին՝ Կարապետյանը Մարտի մեկի քրեական գործում վկայի կարգավիճակ ուներ: Մարտի մեկի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հանգուցյալը մարտիմեկյան իրադարձություններին իր մասնակցությունն է ունեցել. - «2008թ. փետրվարի 29-ի միջոցառում կոչված «տեղանքի զննություն» օպերացիան և դրա ամբողջ գիշերվա ընթացակարգի հետ Աշոտ Կարապետյանն առնչություն ուներ, նա էր զանգել Արմեն Նիկողոսյանին, կանչել ոստիկանություն, այնուհետև ոստիկանությունում, մենք գիտենք, ինչ իրավիճակ է եղել այդ ժամանակ զենքերի հետ կապված, օպերացիան իրագործելու հետ կապված և ժողովրդի դեմ նախահարձակ լինելու հիմքեր ստեղծելու հանգամանքներին վերաբերող քննարկումները և բուն դրա իրագործումն է։ Որպես ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա՝ նա ևս առնչվել է այն ամենին, ինչ առավոտվա գործողություններում են եղել ոստիկանության բիրտ ուժի կիրառման ժամանակ», - ասաց նա։
Մարտի մեկի գործով տուժողի ներկայացուցչի գնահատմամբ, Կարապետյանը Մարտի մեկի գործով պիտի հարցաքննվեր։ Սաֆարյանը չի կարող ասել՝ Կարապետյանի մահը կապ ուներ այս իրադարձությունների հետ, թե ոչ. - «Չեմ էլ ուզում բացառել այն վարկածը, որ կարող է և կապ ունենալ, որովհետև զարմանալի զուգադիպությամբ բոլոր այն անձինք, ովքեր մարտի մեկի առանցքային գործողությունների կիզակետում եղել են, այս անձինք կա՛մ ինքնասպան են լինում, կա՛մ մահանում եմ, և ինչ-որ բան նորմալ չեմ համարում այս ամենի մեջ», - ասաց նա։ Աշոտ Կարապետյանը հանրության ուշադրություն կենտրոնում էր հայտնվել ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանի գործի շրջանակներում: Վիրաբյանը հայտարարել էր, որ 2004-ին ընդդիմադիր ցույցերին մասնակցելու համար իրեն խոշտանգողների շարքում է եղել նաև Աշոտ Կարապետյանը, որն այն ժամանակ Արարատի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Կարապետյանի անունը շոշափվել էր նաև Եվրադատարանի 2012-ի վճռում, որով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել էր 31 հազար եվրոյի փոխհատուցում վճարել: 2016-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավելու օրերին Երևանում մեկնարկած հանրահավաքներից հետո Կարապետյանը ենթարկվել էր կարգապահական տույժի, ապա ազատվել Երևանի ոստիկանապետի պաշտոնից։ Այդ օրերին ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարների և լրագրողների նկատմամբ, տասնյակ մարդիկ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: