Թուրքիան հրաժարվել է աջակցել Բալթյան երկրների և Լեհաստանի պաշտպանության ՆԱՏՕ պլանին, քանի որ դաշինքի մի շարք երկրներ արգելափակել են մեկ այլ փաստաթուղթ, որում «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) սիրիական քրդական կազմավորումները հիշատակվել են որպես Թուրքիայի ազգային անվտանգությանն սպառնացող ուժ, հայտնում է Hürriyet Daily News-ը հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
«Եթե Թուրքիային անդրադարձող պլանը չի հրապարակվել, մենք թույլ չենք տա որևէ այլ փաստաթղթի հրապարակում։ Այն երկրները, որոնք մեզ խնդրել են ՆԱՏՕ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ հրապարակել Բալթիկայի գծով պլանը, պետք է նման ըմբռնում ցուցաբերեն այս փաստաթղթի հանդեպ»,- պարբերականը մեջբերում է աղբյուրի խոսքերը։ Թերթը նշում է, որ պետություններից մեկը, որը չի աջակցել ԺԻՈւ հիշատակմամբ փաստաթղթին, ԱՄՆ էր: Թուրքական դիվանագիտական աղբյուրը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փորձում է կարգավորել ստեղծված իրավիճակը մինչև դաշինքի գագաթաժողովը, որը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին։ «Գլխավոր քարտուղարը ձգտում է բոլոր կողմերի հետ գտնել ընդհանուր լեզու։ Մենք տեղեկացրել ենք առաջարկությունը դիտարկելու մեր պատրաստակամության մասին»,- հավելել է նա: