Այսպիսի հավաքները չպետք է կուսակցականացվեն, սա համազգային և մեր ապագային միտված գործողությունների, մտահոգությունների ամբողջությունն է: «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորհրդաժողովում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: Նա համոզմունք հայտնեց, որ շատ քաղաքական ուժեր, որոնք գործում են ազգային դաշտում և կիսում են այդ արժեհամակարգը, նույնպես համակարծիք են իրենց հետ և հույս հայտնեց, որ այս ձևաչափով կազմակերպված առաջին խորհրդաժողովից հետո էլ բանաձևումների, քննարկումների տեսքով կձևակերպվի մտավորականության, ակադեմիական շրջանակների, հանրության ազգային ինստիտուտների վերաբերյալ մոտեցումները, պայմանները, պահանջները՝ ազգային ինքնությանը համապատասխան քաղաքականություն մշակելու առումով:
«Ուզում եմ միջազգային փորձից մատնանշել, որ այն երկրները, որոնք նույնիսկ տնտեսական զարգացման բարձր մակարդակի վրա են գտնվում, դրանցում հենց ձևակերպված է ազգային ինքնությանը համապատասխան տնտեսական համակարգ: Այսինքն՝ առաջին հայացքից խոսքը չի գնում միայն այն մասին, թե ազգային էությունը վերաբերում է միայն հոգևոր աշխարհին, մարդու հոգեկանին, այլ, առհասարակ, զարգացման կյանքի բոլոր ուղղություններին,- ասաց նա և հավելեց,-վստահաբար ասում ենք, որ երկրները, որոնք այսօր կայուն առաջընթաց ունեն, նրանց ամբողջ զարգացման հիմքը, բանալին իրենց ազգային էությանը համահունչ քաղաքականություն վարելն է»: Մինասյանն ընդգծեց, որ կարևոր է, որ այս գաղափարը կիսողները համախմբվեն այս օրակարգի շուրջ: