Վերջին մեկուկես տարում մեր հանրային կյանքում հայեցակարգային, ծրագրային, ռազմավարական փաստաթղթերի բացակայություն կա՝ «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորհրդաժողովում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:
Նրա խոսքով՝ այդ բացակայության պայմաններում էլ հանրային կյանք են նետվում գաղափարներ, թեմաներ, նպատակադրումներ, որոնք խիստ մտահոգություն են առաջացնում հանրության բոլոր շերտերի մոտ: «Այս համազգային և համապետական տարողունակ խնդիրների առնչությամբ մտահոգությունն էլ ավելի է սրվում, երբ տեսնում ենք, որ մի կողմից չկան հստակ ճանապարհային քարտեզներ՝ ուր է գնում Հայաստանը, և մյուս կողմից բախվում ես քաղաքականություն իրականացնող անձանց երկխոսության մերժումին»,- ասաց նա և ընդգծեց, որ առհասարակ հանրային դիսկուրսում հարցադրումը, բանավեճը` ուր ենք գնում, ինչպիսի երկիր ենք կառուցում, ապագան ինչ քայլերի հաջորդականությամբ է պայմանավորված հարցերի շուրջ քննարկում, երկխոսություն չկա թե հասարակության, թե քաղաքական ուժերի մեջ: «Այսօր անխուսափելի անհրաժեշտություն կա, հասարակությունն սպասում է մտավորականությունից, ակադեմիական շրջանակներից լսել կուտակված մի շարք հարցերի պատասխանները: Այդ հարցերը վերաբերում են նրան, թե ուր է գնում Հայաստանը, ինչ ռեսուրսներով է գնում, ինչ արժեքների բազայով է գնում և, առհասարակ, միջազգային, գլոբալ և ազգային արժեքների բախման մեջ արդյո՞ք մենք ունենք բավարար դիմադրողականություն, բավարար ներուժ՝ ճշտելու, հստակեցնելու մեր ուր գնալու ճանապարհը»,- ասաց նա:
Ըստ նրա՝ ամենակարևորն այն է, թե կա՞ հանրային և, որ ավելի կարևոր է, քաղաքական գիտակցում, որ մեր ինքնության կարևոր բաղադրիչներն են մշակույթը, կրթությունը և հոգևոր արժեքները: «Այսօր այստեղ հավաքվել են մեր գիտական, մշակութային, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, որովհետև հասարակությունը շատ արդարացիորեն այդ հարցերի պատասխանները նախևառաջ մեզնից է սպասում: Մենք այստեղ սպառիչ պատասխաններ գուցե չունենանք, բայց բարձրաձայնելու իրավունք ու պարտականություն ու պատրաստակամություն ունենք»,- եզրափակեց նա: