ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստանում տեղակայված Բագրամ ամերիկյան ավիաբազա: Այցը համընկել է ԱՄՆ-ում նշվող Գոհաբանության օրվա հետ: Դոնալդ Թրամփը սկզբում ճաշարանում օգնել է սննդի բաժանման ժամանակ, այնուհետև ընթրել զինվորների հետ` համտեսելով հնդկահավ, կարտոֆիլի պյուրե և եգիպտացորենի ալյուրից պատրաստված հաց: Ռազմակայանում 2,5 ժամում նա հասցրել է ելույթ ունենալ զինծառայողների առջև և հանդիպել նախագահ Աշրաֆ Ղանիի հետ: Թրամփը հայտարարել է զորքի մի մասի դուրսբերման և «Թալիբան» ծայրահեղական շարժման հետ խաղաղ բանակցությունների մասին:
Անցած տարի ԱՄՆ նախագահի՝ Իրաք մեկնելու մասին լուրերը տարածվել էին մինչև նրա նպատակակետ հասնելը, օդանավի տեղաշարժին հետևել էին ավիացիոն էնտուզիաստները: Այս տարի նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են խիստ գաղտնիության պայմաններում: Լրագրողների ոչ մեծ խմբին հավաքել են բազմահարկ կայանատեղիի տանիքին և սև միկրոավտոբուսներով հասցրել ինքնաթիռի մոտ` վերցնելով հեռախոսները: Թրամփի ժամանակացույցում նշված է եղել մեկ այլ իրադարձություն, իսկ նրա մշտական ինքնաթիռը մնացել է Ֆլորիդայում: Պահեստային օդանավը թռիչքն իրականացրել է պատուհանների փակ վարագույրներով: