«Կոռուպցիոն գործարքներ, որով պետք է զբաղվեն իրավապահները»՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հրապարակելով քաղաքապետարանի որոշ փաստաթղթեր։ Դրանցից մեկն առնչվում է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող տարածքին, և ինչպես պնդում է ավագանու անդամը, սա գործարք է, որի դիմաց քաղաքապետարանը նվեր է ստացել աղբատարներ։ «Եթե նայենք ժամանակը, կտեսնենք, որ քաղաքացին դիմել է սեպտեմբերի 23-ին և դա համընկնում է այն ժամանակին, երբ քաղաքապետարանը ստացել է նաև աղբատար մեքենաները և որի արդյունքում իրականացվել է այս ինքնակամ կառույցի սեփականաշնորհումը», - ասաց Խաժակյանը: Քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 4-ին որոշում է կայացրել մայրաքաղաքում 0,6 հեկտար տարածքում գտնվող ինքնակամ շինության օրինականացման մասին։ Այս տարածքը, ըստ Խաժակյանի, պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։
«Եվ ի՞նչ է պարզվում, որ քաղաքի կառուցապատումը, քաղաքաշինությունը կրկին վերածվել է առևտրի», - նշեց «Լույս» խմբակցության ղեկավարը:
Քանդվում է քաղաքապետարանի կոռուպցիոն գործարքների կծիկը, հայտարարում է Խաժակյանը։ Ավագանու «Լույս» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Խաժակյանը կասկածներ ունի, որ Սամվել Ալեքսանյանի կնոջ գործարքը հենց կոռուպցիոն է, քանի որ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր ահռելի տարածքի շինություններն օրինականացնել։ Մյուս կողմից էլ, ըստ Խաժակյանի, քաղաքապետն այս որոշումը ստորագրել է արձակուրդում գտնվելիս։
«Նոյեմբերի 4-ը, եթե բացեք մամուլը, Հայկ Մարությանը չէր գտնվում երկրում, բացակայում էր քաղաքից և փաստորեն ստորագրվել է որոշում, որը, բնականաբար, եղել է իր գիտությամբ», - ընդգծեց Դավիթ Խաժակյանը:
Խաժակյանի ներկայացրած մյուս գործարքն առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ, այսօր մի շարք հոդվածներով մեղադրյալի աթոռին հայտնված Գագիկ Խաչատրյանին։ Ըստ Խաժակյանի, Խաչատրյանին պատկանող ընկերությունը Շիրակի փողոցում որպես նվեր քաղաքապետարանի աղբատար մեքենաների կայանատեղի է կառուցում, և սրա դիմաց նրան թույլ է տրվել Տերյան փողոցի վրա՝ Աֆրիկյանների տան վայրում նախկին 12-ի փոխարեն 22 հարկանի շենք կառուցել։
«Պարզվում է, որ Տերյան 5 հասցեում՝ Աֆրիկյանների տան համար նախնական շինթույլտվությունը եղել է 12 հարկի կառուցման համար, այնուհետև մեր քաղաքապետի թեթև ձեռքով այն հասցվում է 22 հարկի, փոխվում է, բարձրացվում է հարկայնությունը Հյուսիսային պողոտային կից տարածքում՝ բարձրացվելով հարկայնությունը հենց այս գործարքի դիմաց», - ասաց Խաժակյանը:
Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Խաժակյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է և իրականությանը չի համապատասխանում։ Հակոբյանը պնդում է՝ Տերյան փողոցի վրա բնակելի շենք կառուցելու թույլտվությունը տրվել է դեռ 2017-ին, երբ Մարությանը քաղաքապետ չէր։
«2017-ին, ներողություն, կարող եմ ամիսները շփոթել, հասկանալիորեն Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ չէր և այդ փաստաթղթի մեջ կառուցապատման թույլտվությունը տրվում է 75 մետր բարձրության վրա, ինչը համապատասխանում է 22 կամ 23 հարկին», - նշեց Կարապետյանը:
Ինչ վերաբերում է Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող 0,6 հեկտար տարածքի վերաբերյալ Խաժակյանի դիտարկումներին, քաղաքապետի խոսնակն ասաց՝ այն այժմ ուսումնասիրում են։ Բայց Խաժակյանի մյուս դիտարկումը՝ կապված Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Մեգամոլ»-ի օրինականացման հետ կապված մութ գործարքին, ևս իրականության հետ աղերս չունի, պնդում են քաղաքապետարանում։
«Իմ ձեռքի տակ է «Մեգամոլ» զվարճանքի կենտրոնի շինարարության ավարտական ակտը, որը թվագրված է 2018-ի սեպտեմբերի 20-ով, ինչպես հիշում եք, ավագանու ընտրությունները վերջին տեղի են ունեցել 2018-ի սեպտեմբերի 23-ին, այսինքն «Մեգամոլ» կենտրոնի ավարտական ակտը, որը ստորագրվել է քաղաքապետի այն ժամանակվա պաշտոնակատար Կամո Արեյանի կողմից, կապել 2019-ին քաղաքի նվեր ստացած ինչ-որ գույքի հետ ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև շատ տարակուսելի է պատասխանատու անձի կողմից լսել էդպիսի հայտարարություն», - ասաց քաղաքապետի խոսնակը: Առաջիկայում Երևանի քաղաքապետարանը մանրամասն կարձագանքի այս դիտարկումներին։