Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Որքան ու ինչ հարկեր են վճարում քաղաքացիներն իրենց աշխատավարձերից և որքանով են աճելու հարկերը

Որքան ու ինչ հարկեր են վճարում քաղաքացիներն իրենց աշխատավարձերից և որքանով են աճելու հարկերը
01.12.2019 | 14:35

ՀՀ աշխատող քաղաքացիները Հայաստանին իրենց աշխատավարձից վճարում են եկամտային հարկ, սոցիալական՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար ու 1000 դրամ դրամաշնորհների վճար: Այժմ, առողջապահության նախարարությունը նոր հարկատեսակի նախագիծ է մշակել. աշխատողներն իրենց աշխատավարձից 4-6 տոկոս պետք է վճարեն չաշխատողների բուժման համար՝ սկսած 2022-ից:


Փաստացի ստացվում է, որ կառավարության քաղաքականության արդյունքում այս պահի դրությամբ արված հաշվարկներով՝ 2022-ին քաղաքացու հարկային բեռն ավելանալու է: Բացի այդ, նախագիծը հակասում է վարչապետի հայտարարությանը, թե մարդիկ չեն աշխատում, որ նպաստ ստանան, այժմ էլ աշխատողների հոգածության տակ են վերցնում չաշխատող մարդկանց, այդպիսով նպաստավոր պայմաններ ստեղծելով չաշխատող մարդկանց համար:
Ի՞նչ է ասվում Առողջապահության նախարարության առաջարկած նախագծում:
Նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ՝ առողջության հարկ: Հարկատեսակի չափը, ըստ նախագծի, պետք է սահմանվի 6 տոկոս: Այսինքն՝ յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական իր աշխատավարձից 6 տոկոս կվճարի առողջապահության հարկ: Թեև նշվում է, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է և այս 6%-ը վերջնական չէ, նշվում է նաև, թե հաշվարկները ցույց են տվել, որ հենց այդ չափով պետք է գանձվի հարկը:


Այս պահին Պետբյուջեի հաշվին ապահովվող ապահովագրական ծածկույթը կազմում է 106 մլրդ դրամ, ապահովագրական ծածկույթի դեֆիցիտը՝ 123 մլրդ դրամ: Այս դեֆիցիտը լրացնելու համար էլ սահմանվում է նոր հարկատեսակը և այդ դեֆիցիտը լրացնելու բեռը կրկին աշխատող քաղաքացու վրա է:


Ի՞նչ է ասում Արսեն Թորոսյանը: Նա համաձայն է, որ համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման համար վաղ է, սակայն սխալ է նաև հետաձգելը: «Վաղ չէ՞ արդյոք ներդնել պարտադիր կամ համապարփակ առողջապահական ապահովագրություն․ այս հարցը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր պատասխաններ. վաղ է, որովհետև համակարգը պատրաստ չէ, երկրի ՀՆԱ-ն այդքան մեծ չէ, չկան համապատասխան ֆինանսավորման մեխանիզմներ»,-ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ միշտ էլ կարող են լինել որոշակի արդարացումներ համակարգի ներդրումը հետաձգելու համար, սակայն ըստ նրա՝ դա սխալ է:
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ պետք է ինքը վճարի այն քաղաքացու առողջապահական ապահովագրության համար, որը թաքցնում է հարկերը, նախարարը պատասխանեց. «Իսկ դուք դե՞մ եք, որ ձեր վճարած հարկերից տաքսիստների համար ճանապարհ կառուցեն, որոնք հարկ չեն վճարում, և հետո ով ասեց, որ հարկ չեն վճարում, կան ուղղակի և անուղղակի հարկեր: Ցանկացած սպառող վճարում է հարկ»:


2018 թ. միջին աշխատավարձը կազմել է 172 հազար 727 դրամ:
Միջին աշխատավարձ ստացող քաղաքացու աշխատավարձից՝ 172 հազարից 40 600 դրամ պահվում է եկամտահարկ, 4300 դրամ՝ սոցիալական վճար, 1000 դրամ դրամաշնորհային վճար և արդյունքում քաղաքացին ստանում է 126 000 դրամ:
Հայաստանում գործում է եկամտային հարկի եռաստիճան դրույքաչափերի
համակարգը՝ 23 % (մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար), 28 % (150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ) և 36 % (2 միլիոն դրամից բարձր):
Ազգային ժողովը ընդունել է 2020-ի հունվարի 1-ից եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակից եկամտահարկի համահարթեցված դրույքաչափի անցնելու օրենքի նախագիծը, այսինքն՝ եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափ՝ ֆիքսված 23% հարկում անկախ աշխատավարձի մեծությունից։


Այս փոփոխությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում և ոչ միայն այնտեղ, ներկայացնում է որպես աշխատավարձի բարձրացում: Ըստ նրա՝ եկամտահարկի իջեցման հաշվին հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձ բարձրանալու է:
Իրականում Ֆինանսների նախարարության տվյալների hամաձայն, Հայաստանում վարձու աշխատողների 65.1 %-ը
ստանում է մինչև 150 000 դրամ աշխատավարձ։ Այսինքն՝ եկամտահարկի համահարթեցման հետևանքով աշխատողների 65.1 %-ը, որ ստանում է մինչև 150000 դրամ աշխատավարձ, չեն շահելու, չեն էլ տուժելու:
150 000 մինչև 2 միլիոն դրամ ստացողները վարձու աշխատողների 34.7 %-ն են, մնացած 0.3%ը՝ ստանում են 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ։ Այսինքն՝ վարձու աշխատողներից 35%ի համար եկամտային հարկի բեռը նվազում է, աճում է նրանց կողմից տնօրինվող եկամուտը։


2023-ին առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնել մինչև 20%։
Մասնավորապես, 2020-ից սահմանել 23%, 2021-ից՝ 21%, 2022-ից՝ 20.5%, 2023-ից՝ 20: Եկամտային հարկի այս փոփոխությունների արդյունքում պետական բյուջեն տարեկան 27.5 մլրդ դրամի կորուստ է ունենալու:
Բայց 2020-ից կուտակային կենսաթոշակային վճարը 2.5 տոկոսից կդառնա 5 տոկոս, այսինքն 150 000 բարձր աշխատավարձ ստացողի համար, եթե եկամտահարկը նվազում է 5 տոկոսով, կուտակայինը բարձրանում է 2.5 տոկոսով, հետևաբար 150000 բարձր աշխատավարձ ստացողների աշխատավարձը ոչ թե բարձրանում է 5, այլ 2.5 տոկոսով: Բացի այդ, եթե առողջապահության հարկի նախագիծն ընդունվի հենց 2022 -ից ու 6 տոկոսով, այդ թվականին եկամտահարկը կազմելու է 20.5 տոկոս, կուտակային կենսաթոշակայինը դարձած է լինելու արդեն 5 տոկոս, ավելանալու է ևս 6 տոկոս հարկային բեռ: Այսինքն՝ կառավարության քաղաքականության արդյունքում 2022-ին ՀՀ քաղաքացին, որ ստանալու է միջին աշխատավարձ, վճարելու է 31.5 տոկոս հարկ: Այժմ՝ 2019-ին ՀՀ միջին աշխատավարձ ստացող քաղաքացին վճարում է 23 տոկոս եկամտահարկ, 2.5 տոկոս կուտակային սոցիալական վճար, ընդամենը՝ 25.5 տոկոս , և գումարած 1000 դրամ դրամաշնորհը:

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ