Երեկ Իրաքի խորհրդարանն ընդունել է վարչապետի հրաժարականը: Երկու օր առաջ Ադիլ Աբդուլ-Մահդին հայտարարել էր, որ կհեռանա՝ զանգվածային հակակառավարական ցույցերի պատճառով, որոնք գրեթե երկու ամիս չեն դադարում: Դեռ պարզ չէ, թե ով է փոխարինելու Աբդուլ-Մահդիին: Անցած հինգշաբթին բողոքի ցույցերի սկսվելուց հետո ամենաարյունալի օրն էր: Բաղդադում, Նաջաֆում և Նասիրիայում անվտանգության ուժերի կողմից առնվազն 40 մարդ սպանվեց: Իրաքի` հիմնականում շիաներով բնակեցված հարավային Նաջաֆ քաղաքի ոստիկանությունը հայտնում է, որ երեկ ցուցարարները կրկին այրել են Իրանի հյուպատոսարանը՝ երկրորդ անգամ մեկ շաբաթում: Փողոց դուրս եկած մարդիկ պահանջում են աշխատատեղեր, վերջ տալ կոռուպցիային և բարելավել հանրային ծառայությունների որակը։