Նախնական արդյունքներով՝ Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության առաջին փուլում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթում է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Առավոտից թուրքահայությունը, ըստ իրենց գրանցման վայրի, քվեարկում էր պատրիարքի երկու թեկնածուներին ներկայացնող պատվիրակների օգտին: Ամենաշատ հայ բնակչություն ունեցող թաղամասերում՝ Ֆերիքյոյում, Բաքըրքյոյում, Յեշիլքյոյում և Սամաթիայում, բավական մարդաշատ էր, ընտրատեղամասերում կուտակումներ էին նկատվում, համայնքի անդամները եկել էին ընտրելու իրենց պատվիրակներին:
Այնուհանդերձ, նախնական տվյալներով՝ մասնակցությունն այնքան էլ մեծ չէ եղել՝ 30 տոկոս: Քվեարկությունը խաղաղ է անցել: Պատրիարքի երկու թեկնածուները՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այցելեցին իրենց գրանցման թաղամասեր՝ Բաքըրքյոյ և Ֆերիքյոյ, քվեարկեցին և շնորհակալություն հայտնեցին հավաքված պոլսահայությանը մասնակցության համար: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը անցկացվում է երկաստիճան սկզբունքով՝ համաձայն 1863-ի Ազգային սահմանադրության: Հոգևոր և աշխարհիկ պատվիրակները միասին են ընտրում պատրիարքին: Ամեն թեկնածու ունի 102 պատվիրակ: Չորեքշաբթի օրը այսօր ընտրված աշխարհիկ պատվիրակներն ու երեկ երեկոյան ընտրված հոգևոր պատվիրակները միասին կընտրեն Պոլսո Հայոց նոր պատրիարքին: