Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը
11.12.2019 | 23:02

12 տարվա սպասումից հետո Պոլսո նվիրապետական աթոռը նոր գահակալ ունի։ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ստանալով Ազգային պատգամավորական ժողովից 103 քվե, ընտրվեց Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք։ Պատրիարքական իր առաջին խոսքում Սահակ սրբազանը ուրախությամբ նշեց, որ Թուրքիայի հայությունը վերջապես հայր ունեցավ: Նա երախտագիտություն հայտնեց այս ճանապարհին ավանդ ունեցած բոլոր անձանց, շնորհակալություն հղեց Ամենայն Հայոց կաթողիկոսին և թուրքական իշխանություններին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին և Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայային: Նորընտիր պատրիարքի խոսքերով՝ հայ համայնքի համար նոր փուլ է սկսվում՝ խաղաղության և միասնության շրջան:


Առավոտից պատրիարքարանի մայր եկեղեցում էին հավաքվել հոգևոր ու աշխարհական պատվիրակները, որ գումարեն Ազգային պատգամավորական ժողով և ընտրեն նոր պատրիարքին։ Նիստը սկսվեց միասնական աղոթքով, շարունակվեց պատվիրակների գրանցման և հավաստագրերի հանձնման գործընթացը: Թեև կիրակի օրվա քվեարկության արդյունքներից արդեն պարզ էր, որ ընտրվելու է եպիսկոպոս Մաշալյանը, հայ համայնքի համար պահը հիրավի պատմական էր։


Քվեարկությունից հետո ընտրյալ պատրիարքը հանդիսավոր մտավ մայր եկեղեցի, հավաքվածները շնորհավորեցին, համբուրեցին սրբազանի աջը: Այնուհետև կայացավ հրաշափառի հանդիսությունը՝ պատրիարքի մուտքը աթոռանիստ եկեղեցի: Հավաքված բազմությունը ողջունեց նոր պատրիարքին, տեղի ունեցավ աջհամբույրի արարողությունը: Կիրակի օրը տեղի էր ունեցել պատրիարքական ընտրությունների առաջին փուլը՝ պատվիրակների ընտրությունը: Քվեարկության արդյունքում նարնջագույնների ճակատը ստացել էր 9008 ձայն՝ Մաշալյան սրբազանի համար ապահովելով 89 պատվիրակ: Պատրիարքական մյուս թեկնածու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորած մանուշակագույն ճակատը ստացել էր 3529 քվե՝ ունենալով 12 պատվիրակ: Մեկ պատվիրակ նախընտրել էր անկախ մնալ: 753 քվեաթերթ անվավեր էր ճանաչվել, 376 մարդ դատարկ քվեաթերթ էր նետել տուփը:


Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք 57-ամյա եպիսկոպոս Սահակ Մաշալյանը ծնվել է Ստամբուլում, սովորել Ստամբուլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, Ստամբուլի տեխնիկական համալսարանում: 1982-ին որոշել հոգևորական դառնալ և ուսումնառության անցել Պոլսո պատրիարքարանում: Սրբազանը միայն 20 տարեկանում է սկսել հայերեն սովորել: Սահակ Մաշալյանը կրթություն է ստացել նաև Բելգիայում և Իռլանդիայում: 1984-ին ձեռնադրվել է վարդապետ, 1986-ին Շնորք Գալուստյան պատրիարքի կողմից սարկավագ, 1992-ին էլ Գարեգին Քազանջյան պատրիարքի կողմից կուսակրոն աբեղա ձեռնադրվել: 2006-ին դարձել է վարդապետ, 2008-ին եպիսկոպոս ձեռնադրվել: 2005-2011-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, եղել դեկան: 2011-ին վերադարձել է Ստամբուլ և ծառայության անցել պատրիարքարանում: Այս տարվա մարտին Պոլսո 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանից հետո հուլիսին ընտրվել է պատրիարքական տեղապահ: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը լինելու է Պոլսո Սահակ Երկրորդ պատրիարքը:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ