Երեկ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հանդես է եկել ի պաշտպանություն կենսաթոշակային բարեփոխումների, որոնց դեմ արդեն մեկ շաբաթ է երկրում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում: Վարչապետի խոսքով՝ կենսաթոշակային համակարգը բոլորի համար պետք է նույնը լինի: Արհմիությունների ղեկավարները վարչապետի ելույթից հետո հայտարարել են, որ զիջումներն իրենց չեն բավարարում, և խոստացել են շարունակել գործադուլը:
Ֆրանսիայի Աշխատանքի դեմոկրատական կոնֆեդերացիան՝ երկրի երկու խոշորագույն միություններից մեկը, որն ընդհանուր առմամբ աջակցում էր բարեփոխումներին, նույնպես հայտարարել է գործադուլներին միանալու պատրաստակամության մասին: Մոտ մեկ շաբաթ առաջ «Ֆիգարո» օրաթերթը հրապարակել էր սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 68 տոկոսը ցուցարարների բողոքը հիմնավորված է համարում:
Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է պարզեցնել կենսաթոշակների համակարգը, որ կազմված է չորս տասնյակից ավելի տարբեր ծրագրերից: Արհմիություններըենթադրում են, որ բարեփոխման արդյունքում աշխատողները սահմանված 62 տարեկանից ավելի ուշ և ավելի քիչ փողով կանցնեն թոշակի: