Կառավարությունն այսօր հաստատեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց` մարմինը, որը զբաղվելու է այս հարցերով, լինելու է Գլխավոր դատախազության կազմում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ հստակեցրեց` ի՞նչ ասել է ապօրինի գույք. «Դա բնորոշվում է այն պարագայում, էսպես, որ մարդու օրինական եկամուտներից չի բխում, որ ինքը կարող էր նման գույք ունենալ, ճի՞շտ է: Հիմա վերաբերո՞ւմ է պաշտոնյաներին, թե՞ վերաբերում է ընդհանրապես բոլորին»: «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք: Այսինքն՝ սա այն հիմքն է, որը վերաբերում է բացառապես պաշտոնատար անձանց, այսինքն՝ բոլոր նախկին դեպքերում մենք ավելի լայն շրջանակ ունենք, բայց այս դեպքում օպերատիվ հետախուզականի հիմքով բացառապես պաշտոնատար անձանց մասով», - պատասխանեց Ռուստամ Բադասյանը:
Նախագծի վերաբերյալ մտահոգություններ ուներ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հարցրեց՝ դա վերաբերելի է միայն նախկին ու ներկա պաշտոնյաններին, թե այդ տիրույթում կարող են հայտնվել նաև ներդրողները։ Փախվարչապետի անհանգստությունը կապիտալի արտահոսքի հետ էր կապված:
«Ես չեմ ուզում, որ մենք բանկային գաղտնիքի հասանելիության հաշվին այդ միջոցները բրդենք դեպի կրիպտոարժույթ, դա մեզ ոչինչ չի տալու, ընդհակառակը՝ ավելի է հեռացնելու պոտենցիալ բացահայտվող հանցագործությունը, մեկ և երկրորդը՝ ուղղակի ֆինանսական սխալ հոսքեր է առաջացնելու: Եվ դա է, որ իրոք ցանկալի չէ, որպեսզի տեղի ունենա սխալ գործիքակազմ նկարագրելու պատճառով», - նկատեց նա: