Առողջական լուրջ խնդիրներ չկան, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ խոսելով հոր առողջական վիճակի մասին։ «Հետվիրահատական որոշ բաներ պետք է արվեր, լուրջ բան չկա», - ասաց նա։ Քոչարյանի որդին տեղյակ չէ՝ ինչու փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց, որ այսօրվա դատական նիստի մի հատված լինի դռնփակ։
«Ինձ համար անակնկալ էր», - ասաց Լևոն Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այս գործով իշխանությունը հստակ թելադրել է իր ցանկությունը։ «Բոլորը դա գիտեն, կա նաև Դավիթ Գրիգորյանի օրինակը, ավելի մեծ ճնշում, քան դա, երևի թե, չկա», - ասաց Լևոն Քոչարյանը։ Երկրորդ նախագահի որդին նշեց՝ խնդիր չեն տեսնում նրանում, որ Քոչարյանն Ամանորը դիմավորելու է կալանավայրում։
«Պայքար է, պայքարի մեջ ենք, հասկանում ենք, որ իշխանությունն իր կամքն է թելադրում ու դատական համակարգի մի մասը դեռևս ենթարկվում է էդ ամեն ինչին։ Պատրաստ ենք պայքարի, շարունակելու ենք մինչև վերջ, մինչև որ արդարությունը վերականգնվի», - ասաց Լևոն Քոչարյանը: