ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սաադ Հարիրին՝ Լիբանանի վարչապետի ամենահավանական թեկնածուն

Սաադ Հարիրին՝ Լիբանանի վարչապետի ամենահավանական թեկնածուն
17.12.2019 | 13:22

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին այս պահին ամենահավանական թեկնածուն է վարչապետի պաշտոնի համար։ Վարչապետը պիտի լինի սուննի համայնքից, իսկ այդ համայնքում այդ պաշտոնի համար ներկայացուցչական դեմքը Հարիրին է՝ Tert.am–ի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

«Վարչապետը Լիբանանում ցուցարարների պահանջներին ընդառաջ գնաց՝ հայտարարելով հրաժարականի մասին։ Ավելին՝ Հարիրին միշտ էլ մնաց տեխնոկրատ կառավարություն կազմելու պահանջների կողմնակիցը։ Սա պահանջում էին հենց ցուցարարները։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Լիբանանի կառավարությանը նախկինում դրսից տրամադրվող օժանդակությունները կապասառեցվեն Հարիրիի՝ վարչապետ լինելուց և տեխնոկրատ կառավարության ձևավորումից հետո միայն»,–ասաց Գանտահարյանը։ Հարցին՝ Հարիրիի վերանշանակումը ցուցարարների շրջանում կրքերը դարձյալ չի՞ բորբոքի, Գանտահարյանը նշեց՝ ցուցարարների շրջանում այս հարցի վերաբերյալ միասնական որոշում չկա․ նրանց մի մասը դեմ է, որ երևէ քաղաքական դեմք նոր կառավարության կազմում լինի, այդ թվում՝ Հարիրին․«Ցուցարարների մի մասն էլ համոզված է, որ Հարիրին վայելում է միջազգային ընտանիքի զորակցությունը և իր գլխավորած տեխնոկրատ կառավարությունը կարող է լուծումներ տալ հարցերին։ Չկա կոնսենսուս այս հարցում։ Կառավարության հրաժարականը ցուցարարների պահանջի առաջին հանգրվանն էր։ Երկրորդը՝ սեղմ տեխնոկրատ կառավարության ձևավորումն էր, որի հիմնական գործառույթը պետք է լիներ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը։ Այս ամենի նպատակը վարչակառավարման համակարգի ապահամայնքայնացումն էր, այսինքն՝ համայնքային կառավարման համակարգից հրաժարում և քաղաքացիական պետության ձևավորում»։ Գանտահարյանը նաև նշեց, որ Սաադ Հարիրիի վերանշանակումը դեռ չի ենթադրում, որ նոր կառավարությունը շուտով կձևավորվի. պետք է համընդհանուր կոնսենսուս լինի նախարարական կազմի շուրջ․«Եթե ձևաչափի, ընդհանուր կազմի բնութագրի, նախարարական պորտֆելների, նախարարների անունների շուրջ ընդհանուր համաձայնություն չլինի, կարող է իրավիճակը երկար ձգվել։ Նախադեպեր եղել են։ Չնայած՝ Հարիրիի մոտ նկատվում էր այս ամբողջ փաթեթի համաձայնության դեպքում միայն վարչապետի պաշտոնը վերստանձնելու պատրաստակամությունը։ Դեռևս պարզ չէ այս ամենը»։


Անդրադառնալով Լիբանանի ներքաղաքական կյանքին՝ Գանտահարյանը նշեց՝ երկրում վիճակը անորոշ է․«Սպասվում է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատարի այցը Բեյրութ։ Վարչապետի նշանակման վերաբերյալ խորհրդակցությունները երկրորդ անգամ հետաձգվեցին։ Հատկապես երեկոներին Բեյրութում ճանապարհներ փակելու եղանակով բողոքի ակցիաները շարունակվում են։ Երեկ ակցիաները հատկանշվեցին զանգվածային խուլիգանական ակտերով։ Ֆինանսատնտեսական տագնապը խորանում է, գործազրկությունն աճում է»,-եզրափակեց Գանտահարյանը։

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ