Բրյուսելում դեկտեմբերի 16-ին կայացել է ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ԵՄ-ՀՀ Գործընկերության կոմիտեի 2-րդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Համաձայնագրի կատարման ընթացքը: ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ ԵՄ-ն գոհունակությունն է հայտնել մինչ այժմ Հայաստանի կողմից բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի կապակցությամբ, մասնավորապես դատական և հակակոռուպցիոն նոր ռազմավարությունների ուղղությամբ:
«Միևնույն ժամանակ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև կա հաջողված համագործակցություն ԵՄ-ՀՀ արդարադատության երկխոսության շրջանակում: ԵՄ կողմն ընդգծեց Հայաստանի կողմից որդեգրված բարեփոխումների ուղու շարունակումը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ապահովման տեսանկյունից։ Բարեփոխումը պետք համապատասխանի իրավունքի գերակայության հիմնական սկզբունքներին և հիմնված լինի բոլոր շահագրգիռ կողմերի, ներառյալ՝ քաղհասարակության հետ ընդգրկուն երկխոսության և գործընկերության վրա», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում: Որպես Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել բարեփոխումների մշակման և իրականացման, ԵՄ չափանիշներին մոտարկման ուղղությամբ կառավարության կարողությունների ուժեղացման համար անհրաժեշտ փորձագիտական և ֆինանսական հետագա աջակցություն:
Գործընկերության կոմիտեն քննարկել է նաև ՀԸԳՀ-ի իրականացման ընթացքը տրանսպորտի, էներգետիկայի և շրջակա միջավայրի բնագավառներում՝ ուղղորդելով դեպի հետագա առավել մանրամասն քննարկումների կազմակերպմանը փորձագետների մակարդակով ԵՄ-ՀՀ էներգիայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի շրջանակում, որը տեղի կունենա 2020-ի մարտին Երևանում։
Եվրամիության և Հայաստանի միջև կշարունակվի կրթական բարեփոխումների շուրջ երկխոսությունը: Կողմերը հետամուտ կլինեն համագործակցությանը հետազոտությունների ոլորտում «Հորիզոն 2020» ծրագրի ներքո և խորհրդակցություններ կսկսեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շուրջ։ Ավելին, ԵՄ-ն և Հայաստանը կդիտարկեն երիտասարդության ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման հնարավորությունները:
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ քննարկվել են տնտեսական զարգացման, անվտանգության, Արևելյան գործընկերության և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Հանդիպումը համանախագահում էին Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը և ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը: