Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանն, որ ներկայացնում են «Հանրապետություն» կուսակցությունը, ասելիք չունեն Դավիթ Խաժակյանին ավագանու նիստից հետ կանչելու ԼՀԿ-ի որոշման վերաբերյալ։ «Կուսակցությունն ինքն է որոշում՝ իր ավագանու անդամին թողնո՞ւմ է քաղաքապետարանում, հե՞տ է կանչում, փոխարինո՞ւմ է, թե՞ ինչ է անում, դա մեր մեկնաբանելունը չէ, մենք հարգում ենք կուսակցության ցանկացած որոշում», - ասաց Անի Խաչատրյանը։
Թեհմինա Վարդանյանը նշեց, որ իրենց համար անակնկալ էր ԼՀԿ հայտարարությունը։ «Մենք դրա մասին իմացել ենք մամուլից ու մեզ թույլ չենք տալիս խառնվել նրանց ներկուսակցական քննարկումներին, դա իրենց որոշելիքն է», - ասաց նա։ Ինչ վերաբերում է ավագանու երեկվա նիստում իր պահվածքին, Թեհմինա Վարդանյանն ասաց. «Չեմ հասկանում՝ ինչու՞ է աղմուկ բարձրացվել, այդ աղմուկը նպատակայի՞ն է, թե՞ ոչ, բայց ես սրան վերաբերում եմ որպես նորմալ աշխատանքային պրոցեսի», - ասաց նա։ Անի Խաչատրյանը նշեց՝ նորմալ է, որ խմբակցությունում կարող են լինել տարաձայնություններ։ «Բայց, եթե նկատել եք, մենք միշտ գալիս ենք կոնսենսուսային հայտարարի։ Թե ինչու է «Լուսավոր Հայաստան»-ը որոշել նման հայտարարություն անել, կկանչիԽաժակյանին հետ, թե չի կանչի՝ արդեն, իենց որոշումն է», - ասաց նա։
Անի Խաչատրյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանի» հետ քննարկում չեն ունեցել ու նպատակահարմար էլ չեն համարում ունենալ: «Որովհետև մենք «Լույս» խմբակցությունն ենք ու ես, Թեհմինա Վարդանյանն ու Դավիթ Խաժակյանը կարող ենք քննարկում ունենալ խմբակցության շրջանակներում», - ասաց նա։
Ավագանու անդամն ասաց, որ իրենց կուսակցությունից դիտողություններ չունեն։
«Իսկ եթե Էդմոն Մարուքյանը խնդիր է տեսնում Դավիթ Խաժակյանի հետ կապված, դա Մարուքյանի ու Խաժակյանի խնդիրն է», - ասաց նա։
Թեհմինա Վարդանյանը նշեց, որ իրենց համար ցավալի կլինի աշխատել առանց Դավիթ ԽաԺակյանի, Անի Խաչատրյանն էլ ասաց, որ դրանով չի թուլանալու իրենց ընդդիմադիր դիրքը:
ԼՀԿ մասնակցությունը Երևանի ավագանիում վերաիմաստավորելու հարց է առաջացել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց համանուն կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: ««Լույս» խմբակցությունում ԼՀԿ-ն մեկ ներկայացուցիչ ունի: Եթե ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանուց, մենք կդադարենք հանդես գալ ավագանիում», - ասաց Մարուքյանը: Նա նշեց, որ երեկվա ավագանու ելույթներից հետո պիտի ԼՀԿ-ն հանդես գար հայտարարությամբ, հետևաբար սա էլ արձագանքն էր: Ճշտող հարցին, թե ինչի՞ մասին է խոսքը, Մարուքյանն ասաց, որ երեկ Խաժակյանը ավագանու ամբիոնից ներկայացրել է պաշտոնեական կեղծիքի մասին բացահայտումներ, մինչդեռ լրատվամիջոցները դա լուսաբանելու փոխարեն լուսաբանել են քաղաքապետի ծաղրական արձագանքը: «Ձեռքառնելու արձագանքն է լուսաբանվում, դրանից հետո արված աշխատանքը կորչում է: Եթե չկա այդ աշխատանքը, եթե քաղաքացիները չեն տեսնում այդ աշխատանքը, չկա այդ ընկալումը, արդյոք անհրաժեշտ է, որ մենք այնտեղ շարունակենք աշխատել», - ասաց Մարուքյանը: Նա նկատեց, որ քաղաքապետը ծաղրում է ավագանու անդամներին:
ԼՀԿ փոխնախագահ Մանե Թանդիլյանն էլ նկատեց, որ «Լույս» խմբակցությունը քաղաքապետարանում շեղվում է կուսակցության քաղաքական գծից: «Պետք է հասկանանք՝ որքանով է նպատակահարմար շարունակել անդամակցությունը, որովհետև պիտի կարողանանք կրել պատասխանատվություն մի բանի համար, որի հետ կուսակցությունը համաձայն չէ», - ասաց Թադիլյանը: Նա նկատեց, որ ԼՀԿ-ն բարձր է գնահատում Դավիթ Խաժակյանի աշխատանքը, նրա գործունեությունից դժգոհ չեն՝ նկատելով. «Խմբակցությունն այլ որակական հատկանիշներ է ցույց տալիս, որի համար մենք չենք կարող կրել պատասխանատվություն»: