«Փաստը» գրում է, որ իր տեղեկություններով՝ մինչև տարեվերջ սպասվում են նոր ձերբակալություններ ու աղմկոտ պատմությունների մատուցում հասարակությանը: Ըստ թերթի աղբյուրի՝ սա պայմանավորված է իշխանությունների շրջանում որոշակի լարվածության և անհանգստությունների հետ։ Իսկ դրա համար պատճառներ կան. գնալով նվազող վարկանիշի գործոնից զատ՝ իշխանությունները սկսել են գիտակցել, որ արբանյակ անհատների ու միավորների կամ, ինչպես հենց իշխանության ներսում են սիրում ասել, «օեկների» միջոցով որևէ արդյունքի հասնել հնարավոր չէ, ավելին՝ հեղափոխության գաղափարն այդպիսի քայլերով ավելի է վարկաբեկվում:
Մյուս կողմից՝ անհանգստացնում է, որ դեռևս փոքր քայլերով, բայց կայուն զարգացումներ են նկատվում ընդդիմադիր դաշտում: Մասնավորաբար, նյարդայնացնում է «Վերնատան» ստեղծումը, ՀՅԴ-ի ակտիվությունը, Արթուր Վանեցյանի՝ քաղաքական նոր ուժ ստեղծելու խոսակցությունները, Սերժ Սարգսյանի «վերադարձը», այլ միավորների ակտիվությունը և այլն: Վերջերս էլ, ըստ տեղեկությունների, իշխանական որոշ շրջանակներում զարմանք է հայտնվել, թե ինչպես ստացվեց, որ, ասենք, «Միացիր» շարժումը կարողացավ 50 000-ից ավելի ստորագրություն հավաքել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հայտարարության ներքո, և դա այն դեպքում, երբ մարզերում կարգադրված է եղել հնարավորինս սադրել ու խոչընդոտել ստորագրահավաքին: