«Փաստը» գրում է. «Անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը միացել է նաև միասնական մաքսային սակագներին: Սա ինքնին ենթադրում էր, որ ակնկալվում է զգալի քանակի ապրանքների մաքսատուրքերի բարձրացում: Այդ ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով ՀՀ-ն 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020-ին:
Եվ հունվարի 1-ից սպասվում է 700 ապրանքատեսակի թանկացում։ Կարծիք կա, որ դրանց մեջ քիչ չեն այնպիսի ապրանքները, որոնք, այսպես ասած, «ամեն օր չես գնում»: Սակայն մասնագետները պնդում են, որ միևնույն է, թանկացումները մարդկանց կենսամակարդակի վրա ընդհանուր առմամբ էական ազդեցություն թողնելու են: Գյուղատնտեսության ոլորտը զերծ չի մնալու թանկացումներից։ Հունվարի 1-ից թանկանալու է նաև գյուղատնտեսական մթերքի, կենդանիների կերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծումը. դրանց համար ներմուծողները սահմանին կվճարեն 3-4 տոկոսով ավելի գումար, իսկ պարարտանյութերի համար՝ 2,5-4 տոկոսով ավելի։ Մյուս կողմից՝ 2020-ի հունվարի 15-ից ուժի մեջ է մտում օրենսդրական նորմը, ըստ որի՝ անասունի մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում: Անասնապահությամբ և մսի վաճառքով զբաղվողները մտահոգություն ունեն, որ այս ամենի հետևանքով մսի գնի էական թանկացում կարող է տեղի ունենալ: Ըստ որոշ տնտեսագետների հաշվարկների, առաջիկա ամիսներին կյանքը Հայաստանում հերթական անգամ կթանկանա, նախնական հաշվարկներով, սկզբի համար 5-7 տոկոսով»: