Մարիամ Փաշինյանի համար նոր մեքենայի ձեռքբերումը համապատասխանում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Փաշինյանի ավագ դստեր համար նոր ամենագնաց գնելու լուրը։
Ավելի վաղ գրել էր Politik.am-ը` նշելով, որ 27 հազար դոլար արժողությամբ մեքենան Մարիամ Փաշինյանն ընտրել է անձամբ, գնվել է պետական պահպանության ծառայության միջոցներով։ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»»,–ասել է Կարապետյանը: Նրա խոսքով` անհրաժեշտության դեպքում պետական պահպանության ծառայությունն օրինական կարգով կարող է ձեռք բերել նաև տրանսպորտային միջոցներ: