Չնայած «Թավշյա հեղափոխության մեղրամիսն» ավարտվել է եւ Հայաստանի կառավարությունը լծված է առօրյա աշխատանքի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցության աստիճանը հայ հասարակության շրջանում աննախադեպ է մնում՝ «Ամերիկայի Ձայն»-ին ասելլ է ԱՄՆ-ի Հանրապետական միջազգային ինստիտուտի Եվրասիայի տարածքի պատասխանատու Սթիվեն Նիքսը:
Հանրապետական միջազգային ինստիտուտի կողմից Հայաստանի հանրային կարծիքի հետազոտության համաձայն, Փաշինյանի աջակցության աստիճանը Հայաստանում 76 տոկոս է. «Նախկին խորհրդային տարածքում ցանկացած ղեկավար, ցանկացած առաջնորդ ամեն ինչ կաներ նման բարձր վարկանիշի համար»: Նիքսի խոսքով, վարչապետի եւ կառավարության բարձր աջակցությունը Հայաստանի քաղաքացիների շրջանում վարչակազմի գործունեության աջակցության կարեւորագույն ցուցանիշն է. «Մեր հարցման առավել կարեւոր բացահայտումներից մեկը լավատեսությունն է, որ տիրում է հայ հասարակության շրջանում: Հայաստանցիների 70 տոկոսը լավատես են իրենց երկրի ապագայի նկատմամբ: Մենք հարցումներ ենք անցկացնում հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում եւ պետք է ասեմ, որ հայերի լավատեսության մակարդակը բոլորից բարձր է: Դա ինքնին ցնցող է»: