«Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Սենատում անցած շաբաթ ընդունված բանաձևը նախագահ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը չի արտացոլում», - երեկ հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Սենատում միաձայն ընդունված թիվ 150 բանաձևին անդրադառնալով քվեարկությունից 5 օր անց, հակիրճ մի հայտարարությամբ, որը, ինչպես Associated Press-ն է մեկնաբանել, «ակնհայտորեն տարածվել է Թուրքիային սիրաշահելու համար»:
Ընդամենը երկու նախադասությունից բաղկացած այդ ուղերձը հեղինակել է Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը. «Ամերիկյան վարչակազմի դիրքորոշումն անփոփոխ է: Մեր մոտեցումն արտացոլված է այս տարվա ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից հնչեցված վերջնական հայտարարության մեջ»:
Ուղերձում՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին, նախագահ Դոնալդ Թրամփը 1915-ի իրադարձություններն անվանել էր «Մեծ Եղեռն», հարգանքի տուրք մատուցել «20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի զոհերի հիշատակին», կրկնել իր նախորդների քաղաքականությունն ու խուսափել «ցեղասպանություն» եզրույթից: ԱՄՆ նախագահը հորդորել էր հայերին և թուրքերին «ճանաչել և հաշվի նստել իրենց ցավոտ պատմության հետ»: «Վարչակազմը չի ընդունում Սենատի որոշումները»՝ գրել է New York Times-ը: «Թրամփը կրկին Թուրքիայի կողմն է բռնում՝ դեմ գնալով Կոնգրեսի երկկուսակցական որոշումներին», - մեկնաբանել է Business insider-ը: «Ժխտումը ցեղասպանության վերջին ակորդն է, և հայերը դա բոլորից լավ գիտեն», - Forbes-ում գրել է փորձագետ, իրավապաշտպան Էվելինա Օչաբը:
Հայամետ սենատոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի համահեղինակ Ռոբերտ Մենենդեսը ևս քննադատել է նախագահ Թրամփին ու պետքարտուղար Մայք Պոմպեոյին պատմության սխալ կողմում կանգնելու համար. «Թեև նրանց այդ քայլը սպասելի էր, սակայն ես խորապես հիասթափված եմ, որ թե նախագահը, թե պետքարտուղարը դեռ չեն գտել իրենց բարոյական ուղեցույցն այս հարցում և շարունակում են թույլ տալ Թուրքիային արգելափակել մեր ներքին որոշումները», - France-Presse-ին ասել է դեմոկրատ Մենենդեսը: Հենց նրա ջանքերով էր Սենատը միաձայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հոկտեմբերին նույնաբովանդակ բանաձև էր ընդունել Ներկայացուցիչների տունը՝ 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ: Երկու փաստաթղթերն էլ ճանաչում ու դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, բայց օրենքի ուժ չունեն և Սպիտակ տան ղեկավարի ստորագրությանը չեն ներկայացվելու: «Սա գործող վարչակազմին մանևրելու բազմաթիվ հնարավորություններ է տալիս», - փաստում է France-Presse-ը: Վերլուծաբանները նշում են, որ գործող վարչակազմը, ուզի թե չուզի, ստիպված է լինելու այս կամ այն կերպ առնչվել ու հաշվի նստել այդ բանաձևերի հետ:
Հայտնի է, որ ամերիկացի դեսպաններն աշխատանքի են անցնում Սենատի հավանությանն արժանանալուց հետո միայն, և ակնկալվում է, որ ինչպես և նախկինում, հիմա էլ Թուրքիայում, Հայաստանում ու Ադրբեջանում դեսպանների թեկնածությունը քննարկելիս կոնգրեսականները նրանց հստակ հարցեր են ուղղելու 1915-ի իրադարձությունների մասին: Եթե պատասխանները չգոհացնեն, օրենսդիրները կարող են արգելափակել նրանց նշանակումը, ինչպես եղավ տարիներ առաջ՝ նախագահ Բուշի կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի դեպքում: «Սա, ակնհայտորեն, է՛լ ավելի է բարդացնելու դիվանագետների աշխատանքը, որոնք ստիպված են լինելու խուսանավել վարչակազմի դիրքորոշման, որն ամեն կերպ խուսափում է գենոցիդ եզրույթից, և Կոնգրեսի դիրքորոշման միջև, որի երկու պալատներն այլևս կատարվածը ցեղասպանություն են որակել», - փաստում են փորձագետները: