Կառավարության իրականացրած ռազմավարության շնորհիվ ակնկալվում է, որ հայաստանյան բարձր տեխնոլոգիական ոլորտի թողարկած արտադրանքի՝ software-ի ու hardware-ի ծավալը 5 տարի անց կկազմի կես միլիարդ դոլար՝ կրկնապատկվելով 2018-ի համեմատ՝ լրագրողների հետ հանդիպմանը ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«2018-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, որը տեղեկատվական տեխնոլոգիաներ է և բարձր տեխնոլոգիաներ, այսինքն՝ և ծրագրային ապահովում, և սարքավորումների արտադրություն, միասին կազմել է 250 միլիոն դոլար 2018-ին, աճը 2017-ի նկատմամբ կազմել է 33 տոկոս: Եթե հետ գնալու լինենք, կարող ենք ասել, որ 2015- 2018 միջին աճը 28 տոկոս է եղել, այսինքն՝ աճի տեմպերը բավականին լուրջ են», - ասաց նա: Ըստ նախարարի, հայաստանյան բարձր տեխնոլոգիական ոլորտում 2018-ի դրությամբ ներգրավված է եղել 15 000 աշխատող։ Աշխատակիցների այս տարվա տվյալները կամփոփվեն հունվարին։ Ոլորտի աճի տվյալները նույնպես կամփոփվեն հաջորդ ամիս, սակայն, ինչպես կանխատեսեց նախարարը, կկազմի մոտ 30%։ «Իհարկե, մենք հայտարարել էինք Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման մասին, արդեն երկրորդ եռամսյակում ֆոնդը կգրանցվի, և 2020-ին հնարավորություն կլինի 5 միլիոն դոլարի ներդրումներ անել տեխնոլոգիական ոլորտում, առնվազն 5 միլիոն դոլարի, որից հետո արդեն, մեր գնահատականներով, մինչև 2027-ը Հայաստանում շուրջ 100 միլիոն դոլարանոց ֆոնդի ստեղծումը և դրա իրացումը տեղի կունենա», - հայտարարեց նա:
Արշակյանը նշեց, որ 2019-ին բարձր տեխնոլոգիական ոլորտի 230 ընկերության կառավարությունը պետական աջակցություն է ցուցաբերել, այդ ընկերությունները ստեղծել են 1200 նոր աշխատատեղ. «Մենք ունենք սփյուռքից դիմած անհատների և ընկերությունների մեծ թիվ՝ 15-20 տոկոս, այսինքն՝ 45 ընկերություն բացվել է սփյուռքահայերի կողմից: Սա նշանակում է, որ մենք տաղանդի ներհոսք ունենք և կարողությունների տեսանկյունից, և տաղանդի տեսանկյունից, որը լավ նորություն է մեզ համար: Երկրները, որտեղից մեր հայրենակիցները դիմել են այս ծրագրով, Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ավստրալիա, Վրաստան, Շվեյցարիա, Իրան, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ: Նաև միջազգային ընկերությունների նոր գրասենյակներ ունենք Հայաստանում բացված, դրանցից ամենաուշագրավն իհարկե «Զայլինքս» ընկերությունն է, որը աշխարհի առաջատարն է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում, կիսահաղորդիչների», - նկատեց նախարարը:
Կառավարության աջակցությամբ 2020-ին ոլորտի 6000 մասնագետի համար կրթական դասընթացներ են անցկացվելու, բարձր տեխնոլոգիական հայաստանյան բնագավառի 45 ձեռներեցներ մեկնելու են ԱՄՆ Սիլիկոնյան հովիտ՝ վերապատրաստման. «Կրթական մասով Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերի մասին կուզենայի խոսել, մենք վերապատրաստման դասընթացներ ենք արել 2019-ին և ունենք Գյումրու տեխնոպարկում 860 ուսանողներ, որտեղ արդեն տեղակայված են 35 ընկերություններ: Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ Գյումրին արդեն տեխնոլոգիական մեր երկրորդ կենտրոնն է դառնում: Վանաձորում ընկերությունների թիվն արդեն 20-ի է հասնում, 370 ուսանողներ են այնտեղ վերապատրաստում անցել», - հայտնեց նա:
Նախարարը խոսեց նաև հայաստանյան ռազմաարդյունաբերության ոլորտից, ասաց՝ պետական պատվերը մյուս տարի կրկնապատկվելու է՝ հասնելով 6.3 միլիարդ դրամի. «Տնտեսումների հաշվին վերաբաշխումից 984 միլիոն դրամ հատկացվել է հավելյալ ռազմաարդյունաբերական համալիրին: Նոր մշակումներ և նոր պրոյեկտներ սկսելու համար՝ 2 ամիս առաջ և 2 ամսում մենք արդեն ռեալիզացրել ենք այդ գումարը: Այս 2 օրերին մնացած պայմանագրերն են կնքվում», - շեշտեց նա:
Ըստ Հակոբ Արշակյանի, մյուս տարի ավարտվում է «Ղարաբաղ տելեկոմին» Արցախի իշխանությունների կողմից տրված մենաշնորհը, ինչը թույլ կտա էլ ավելի իջեցնել բջջային կապի սակագները Հայաստանի ու Արցախի միջև։