Առաջին հերթին պետք է արձանագրել, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն ընդունել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ազատության» հետ զրույցում արձագանքելով ԱՄՆ Պետդեպարտամենտի մեկնաբանությանը Սենատի թիվ 150 բանաձևի առնչությամբ:
Ռուբեն Ռուբինյանը շեշտում է. «Նախ պետք է ֆիքսել, որ ԱՄՆ օրենսդիր մարմնի երկու պալատները ընդունել են և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, և ես կարծում եմ, որ սա կարևորագույն քայլ է ԱՄՆ Կոնգրեսի կողմից՝ այս ոճրագործության դատապարտման, պատմական արդարության վերականգնման և նման ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ, և մենք շատ ուրախ ենք, որ այս փոփոխությունը կա: Մենք նաև կարծում ենք, որ սա պետք է որոշակի փոփոխություններ բերի, կամ հույս ունենք, որ նման փոփոխություններ կբերի ԱՄՆ քաղաքականության հարցում»: Իհարկե, նշեց նա, «շատ լավ կլիներ, եթե ԱՄՆ Պետդեպը անմիջապես փոխեր իր դիրքորոշումը և համապատասխանեցներ Կոնգրեսի դիրքորոշմանը»: «Սակայն ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ պետք է հաշվի առնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը երկար գործընթաց է եղել, պետք է նայենք, թե որքան տարիներ են անցել, հենց նույն Կոնգրեսի դեպքով պետք է նայել, թե որքան տարիներ են անցել, մինչև մենք ունեցանք այս աներկբա ճանաչումը և դատապարտումը», - ընդգծեց Ռուբինյանը:
«Ես կարծում եմ, որ ԱՄՆ մեր համայնքը կշարունակի աշխատանքները այս ուղղությամբ, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը եղել է և շարունակում է լինել, և մենք ոչ միայն ԱՄՆ-ի դեպքում, այլ աշխարհի բոլոր պետությունների դեպքում շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ», - հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը: