ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով ստեղծված հանձնախումբը, որի ձևավորման մասին հայտարարեց համակարգող Աղվան Վարդանյանը, նախատեսում է հանդիպումներ մի շարք օղակների հետ։
«Դրանք կլինեն դատական համակարգի ներկայացուցիչներ, ԲԴԽ-ի ներկայացուցիչներ, Մարդու իրավունքների պաշտպան, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, միջազգային կառույցներ», - մամուլի ասուլիսում հայտարարեց Աղվան Վարդանյանը։ Նա նշեց, որ ծրագրել են աշխատանք կատարել տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ։ «Ամեն օր գաղափարներ, առաջարկներ կլինեն։ Ընդամենը երեկ ենք հայտարարել ասուլիսի մասին, ինձ տասնյակ մարդիկ են զանգահարում, թե ինչով կարող ենք աջակցել, ինչ կարող ենք անել։ Ակնկալում ենք, որ իշխանությունն ի վերջո կգիտակցի այս քաղաքական հալածանքի անհեռանկար լինելը և կփորձի ինքն իրեն նաև դուրս բերել այդ վիճակից», - նշեց Աղվան Վարդանյանը: