ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանում արձագանքեց իր մասին արտահայտությանը՝ թե ինքը վտանգ է ներկայացնում պետականությանը։
«Այս մոլորակի վրա կա երկու հայկական պետություն և երկուսում էլ ես ղեկավար եմ եղել։ ԼՂՀ-ում ամբողջ պատերազմի ընթացքում ղեկավարել եմ երկիրը, այդ երկրի Հռչակագրի հեղինակն եմ և 1988-ից մինչև երկրի ձևավորումը որևէ որոշում առանց ինձ չի կայացվել։ Հայաստանում ևս եղել եմ 10 տարի նախագահ։ Մինչև նախագահ դառնալը Հայաստանը դասվում էր աղքատ երկրների շարքում»,- նշեց երկրորդ նախագահը։ Մինչ Ռոբերտ Քոչարյանը խոսում էր, տուժող կողմի ներկայացուցիչները միջամտեցին, Սեդա Սաֆարյանը առարկություն ներկայացրեց՝ նշելով, որ դա բողոքի հետ կապ չունի։ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ միջամտող քաղաքացին իրեն մեղադրում էր նաև կնոջ՝ կաթված ստանալու մեջ։ Շարունակելով խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում երկիրը դարձել է միջին եկամուտ ունեցող երկիր։ «Եթե այս արդյունքներն ունեցող մարդը համարվում է վտանգ պետականության համար, ուրմեն մենք մանկուրտների երկիր ենք»,- ասաց Քոչարյանը: