«Հրապարակը» գրում է. «Դեկտեմբերի 21-ին ԼՀԿ-ն կնշի կազմավորման 4 տարին, 2-3 օր անց էլ կհրավիրի կառավարող խորհրդի նիստ, որ որոշի՝ Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը մնո՞ւմ է, թե՞ հեռանում Երևանի ավագանուց։ Խորհուրդը բաղկացած է 10 անդամից։
Տեղեկություններ կան, որ մեծամասնությունը դեմ կքվեարկի Խաժակյանին ավագանու մանդատից զրկելու որոշմանը, և գլխավոր հիմնավորումը կլինի այն, որ ԼՀԿ-ն չի կարող արհամարհել, հրաժարվել իրեն տված վստահության քվեից, քանի որ Խաժակյանի մանդատն անցնելու է Անահիտ Բախշյանին, ով ԼՀԿ անդամ չէ։ Խորհուրդը կհայտարարի, որ ԼՀԿ-ն այսուհետ պատասխանատվություն չի կրում գործընկեր կանանց պահվածքի համար։
Իսկ ի՞նչ նպատակ էր հետապնդում այս ողջ «բոլոլան»։ ԼՀԿ մեր աղբյուրն անկեղծացավ․ ««Հանրապետության» գործընկերներին դաստիարակելու, մեր ռեսուրսով նրանց վարկանիշը չմեծացնելու, հընթացս իշխանությանը հավատարմության ժեստ անելու, որ իրենք «բովանդակային» աշխատանքով են զբաղված, այլ ոչ թե սկանդալներ և շոուներ սարքելով»։ Իսկ արդյունքում կունենանք հերթական դաշինքի փլուզումը, որ Հայաստանի քաղաքական դաշտում սովորական երևույթ է, քանզի դրանք չեն ձևավորվում գաղափարների ու սկզբունքների համադրությամբ, այլ տվյալ պահի նպատակահարմարությամբ»: