ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում դեմոկրատների նախաձեռնած պաշտոնանկության գործընթացը «քաղաքական ինքնասպանություն» է որակել, գրում է CBSN-ն: «Սա քաղաքական ինքնասպանության երթ է Դեմոկրատական կուսակցության համար: Տեսե՞լ եք իմ վարկանիշները…Նրանք փորձում էին պաշտոնանկության գործընթաց սկսել հենց առաջին օրից: Նրանք փորձել են դա անել նախքան նախագահական մրցապայքարը սկսելը»,- Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո Միչիգանի նահանգում հանրահավաքի ժամանակ ասել է նախագահը: Իր աջակիցների առջև ելույթում Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատներն այս քվեարկությամբ «հաստատել են իրենց խոր ատելությունն ու արհամարհանքը ամերիկացի ընտրողի նկատմամբ»: Գրեթե երկու ժամ տևած ելույթի ընթացքում Թրամփը պարծեցել է, որ «բոլոր հանրապետականները» դեմ են քվեարկել. «Մենք չկորցրինք ոչ մի հանրապետականի քվե, հակառակը՝ երեք դեմոկրատներ քվեարկեցին մեր օգտին»: