Իմ ցանկացած դիրքորոշում ես նախապես քննարկում եմ կուսակցությունում, խորհրդակցում Էդմոն Մարուքյանի հետ, դա վերաբերում է նաև Երևանի ավագանիում իմ գործունեության նպատակահարմարության հարցին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Մանդատը վայր դնել-չդնելու հարցով որոշում դեռևս չկա, քննարկման առիթն ավագանու վերջին նիստն էր, երբ մեր փաստարկները ստվերվեցին: Մենք խմբակցությունում պայմանավորվել ենք, որ երբ թեմա ենք բացում, պիտի թիրախային լինենք, ոչ թե աջուձախ ընկնենք: Ես իմ կուսակցությունից ցուցում եմ ստացել, որ պետք չէ շարունակել, օրինակ, «քուանշի» ոճում, և այդ նկատառումն ընդունել եմ»:
Խաժակյանը բացառել է, որ Երևանի ավագանու կազմից իր հնարավոր հեռացումը Էդմոն Մարուքյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ճնշման արդյունք է. «Գուցեև իմ բացթողումը կա, որ այդ խնդիրը խմբակցության ներսում չի կարգավորվել: Մենք բազմիցս քննարկումներ ենք ունեցել, որ մեր գնահատականներում պետք է զսպվածություն ցուցաբերենք, քանի որ մեր իմքայլական գործընկերները դիմում են սադրանքների»: Դավիթ Խաժակյանի պնդմամբ՝ ԼՀԿ-ում տեսակետ կա, որ կուսակցության անվան նմանությունը «Լույսին» մարդկանց ստիպում է մտածել, թե Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանն էլ են ԼՀԿ-ից, ու նրանց կոշտ արտահայտությունների հարցով շատերը դիմում են Էդմոն Մարուքյանին. «Կայացվելիք որոշումը պետք է բխի երևանցիների շահերից: Ավագանու մանդատը թանկ է տրվել, արժեքավոր է: Ես հակված եմ մնալու խմբակցության և ավագանու կազմում: Ամեն դեպքում, ես Էդմոն Մարուքյանի հետ համաձայն եմ, որ հանրային արձագանքը խոչընդոտում է իմ գործունեությանը»: Նա բացառում է ԼՀԿ-ից դուրս գալը, քանի որ Էդմոն Մարուքյանն ամբողջապես սատարում է իր գործունեությունը. «Ավագանիում մնամ, թե ոչ, շարունակելու եմ բացահայտումներ անել քաղաքապետարանի կոռուպցիոն գործարքների մասին: Ներքուստ զայրույթ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ այդ կոռուպցիան քաղաքային իշխանությունում շարունակվում է»: Դավիթ Խաժակյանն ասել է, որ կենթարկվի կուսակցության խորհրդի կայացրած ցանկացած որոշման: «Որոշում կայացնելիս պետք է լինի այնպիսի հանգամանքների համակցություն, որ համոզված լինենք՝ իմ գործունեությունն ավելի արդյունավետ կլինի ավագանու կազմում կամ դրանից դուրս: Երբ ես ջանք եմ գործադրում, որ ինչ-որ թեմա լուսաբանենք, բայց ընթացքում բուն նյութը կորում է, և մարդիկ այլ բանի վրա են կենտրոնանում, գուցե պետք է վերանայո՞ւմ անել: Ես այսպես թե այնպես ապօրինությունների մասին բարձրաձայնելու եմ»,- ամփոփել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը: