Արցախյան հակամարտությունը պատերազմի միոջոցով լուծելու ցանկությունն Ադրբեջանի մոտ պետք է իսպառ վերանա։ Դա հնարավոր է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններով, որոնցում նշված է, որ ամբողջ շփման գծի երկայնքով պետք է տեղադրվեն սադրանքի իրական պատասխանատուներին հայտնաբերող մեխանիզմներ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Այդ դեպքում Ադրբեջանը կդառնա միջազգային հանրության պախարակման առարկան։ Բայց երբ այս ամենը չի կարևորվում, այլ կարևորվում են Դուշանբեում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները, գործընթացում առաջընթաց ապահովել հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է Բրատիսլավայում հանդիպմանը, տպավորություն է, որ կան անդրկուլիսյան ինչ-որ պայմանավորվածություններ, և Բրատիսլավան պետք է հնարավորություն տա՝ դրանք իրականություն դարձնելու»,- ասաց նա: