Սանկտ Պետերբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հ նիստի աշխատանքներին: Նիստից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հայտարարությամբ, որում նշել է, որ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստում քննարկվել են ինտեգրացիոն միավորման օրակարգի մի շարք հարցեր:
«Նախ, Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհուրդը հաստատել է Միխայիլ Վլադիմիրի Մյասնիկովիչի թեկնածությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնում: Ինչպես գիտեք, Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2020-ի փետրվարի 1-ին, և այս պաշտոնում նրան կփոխարինի պարոն Մյասնիկովիչը, որ նախկինում զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետության վարչապետի և Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահի պաշտոնը»,- իր խոսքում նշել է Փաշինյանը և հավելել, որ հաստատվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմը։
Փաշինյանն ընդգծել է, որ քննարկվել են նաև «Մինչև 2025թ. եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» մի քանի սկզբունքային հարցեր: «Ստորագրեցինք ԵԱՏՄ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման համաձայնագիրը, ինչը նշանակալի առաջընթաց է Միության միասնական աշխատաշուկայի արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծման գործընթացում:
Մենք քննարկեցինք նաև ԵԱՏՄ երկրների կողմից Միության ներքին շուկայի գործունեության շրջանակում խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը: Անհրաժեշտ ենք համարում շարունակել համատեղ ջանքերը՝ խոչընդոտները վերացնելու և նոր խոչընդոտների առաջացումը կանխող մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ»,-նշել է վարչապետը:
Վարչապետն անդրադարձել է նաև Միության՝ Հայաստանի նախագահությանը. «Ակնհայտ է, որ Հայաստանի նախագահությունը բավական արդյունավետ էր Միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնման առումով: Ինչպես գիտեք, ուժի մեջ են մտել Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիրը և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագիրը: Ազատ առևտրի համաձայնագրեր են ստորագրվել Սինգապուրի և Սերբիայի հետ, համաձայնագիր է ստորագրվել Չինաստանի հետ մաքսային տեղեկատվության փոխանակման մասին: Այս տարվա հոկտեմբերին Երևանում հիմք դրվեց Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացման ավանդույթին: Նման միջոցառումներ այսուհետ ամեն տարի կանցկացվեն նախագահող երկրում:
Ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք նպաստում են մեր երկրների համագործակցության խորացմանը և ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործմանը: Հավանության է արժանացել Միության էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման միջազգային համաձայնագիրը, հաստատվել է ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, գործարկվել է եվրասիական ցանցի առաջին թվային նախագիծը, և առաջընթաց է գրանցվել ոսկերչական ապրանքների ընդհանուր շուկայի ստեղծման գործում:
Եվ, վերջապես, այսօր Հայաստանը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ առաջարկելով մեր երկրներից յուրաքանչյուրին իր վերահսկողության տակ վերցնել խոշոր ինտեգրացիոն նախագծերից որևէ մեկը: Մենք պատրաստակամություն հայտնեցինք համակարգել ԵԱՏՄ ոսկերչական ապրանքանիշի ձևավորման ծրագրի իրականացումը»,-մանրամասնել է վարչապետը և ելույթի ավարտին շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնում աշխատանքի համար: