Ռուսաստանի և Բելառուսի նախագահներին չի հաջողվել համաձայնության գալ առանցքային 3 հարցերի՝ նավթի, գազի ու հարկերի շուրջ: Սանկտ Պետերբուրգում նրանց հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:Նա չի մանրամասնել հիմնական տարաձայնությունները, տեղեկացրել է, որ նախագահները մտադիր են նորից հանդիպել:
Լուկաշենկո-Պուտին բանակցություններին զուգահեռ՝ Մինսկում հարյուրավոր ցուցարարներ կրկին փողոց էին դուրս եկել Ռուսաստանի հետ հնարավոր միավորման և «խորացված ինտեգրացիայի» դեմ: Սա ընդդիմադիրների արդեն երրորդ բողոքի ակցիան էր այս շաբաթվա մեջ: Ավելի քան երեք ժամ ընդդիմադիրները վանկարկել են՝ «Ո՛չ կայսերական Ռուսաստանի հետ միությանը», կենդանի պատ կազմել Անկախության պողոտայում: Կրեմլը պահանջում է Բելառուսից խորացնել տնտեսական համագործակցությունն ու համակարգված դրամավարկային քաղաքականություն վարել՝ ռուսական էներգակիրները ցածր գնով ստանալու դիմաց: Ընդդիմադիրները պնդում են՝ դա ավելի կխորացնի Մինսկի կախվածությունը Ռուսաստանից ու հարվածի տակ կդնի Բելառուսի պետականությունն ու անկախությունը: