Գերմանիայի կառավարությունը չի նախատեսում ոչ մի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ, որոնք նախատեսված են «Nord Stream-2» գազատարի կառուցման դեմ՝ հաղորդել է DW-ն՝ մեջբերելով տրանսատլանտյան համագործակցության համակարգող Փիթեր Բայերի խոսքը:
Ըստ Բայերի՝ դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ պատժամիջոցները ուղղված են ոչ թե Գերմանիայի, այլ մասնավոր ձեռնարկատերերի դեմ: Նա նշել է, որ Գերմանիայի ղեկավարությունը թերագնահատել էր խողովակաշարի քաղաքական ազդեցությունը: «Մենք շատ երկար ժամանակ դրան լուրջ չէինք վերաբերվում»,- եզրափակել է նա: Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները ԱՄՆ պատժամիջոցները համարել էին միջամտություն ԵՄ գործերին: Բեռլինը հայտարարել էր, որ մերժում է «արտերկրի նման պատժամիջոցները»: