Դեկտեմբերի 22-ին Խորվաթիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Ընտրատեղամասերի արդյունքների 99,8%-ի հաստատվելուց հետո, պետական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ ընտրությունների երկրորդ փուլ են անցնում ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զորան Միլանովիչը և երկրի ներկա ղեկավար Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը: Միլանովիչը ստացել է ձայների 29,57%-ը, Գրաբար-Կիտարովիչը՝ 26,65 %-ը, երգիչ Միրոսլավ Շկորոն՝ 24, 42%-ը: Մյուս 8 թեկնածուները հավաքել են 6%-ից պակաս ձայն: Թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների կեսից ավելին, ընտրությունների երկրորդ փուլ են անցել Միլանովիչն ու Գրաբար-Կիտարովիչը: Երկրորդ փուլը կանցկացվի հունվարի 5-ին: «Գնում ենք դեպի երկրորդ փուլ: Բայց չենք գնում դեպի պատերազմ, պատերազմները ավարտվել են, ինչի մասին ես անընդհատ ասում եմ: Գնում ենք դեպի նորմալ քաղաքակրթական իրավիճակ, և թող հաղթի լավագույնը: Համոզված եմ, որ այդ լավագույնը ես եմ»,-ասել է Միլանովիչը սոցիալ-դեմոկրատական կուսակցության շտաբում հանդիպման ժամանակ:
Նա ավելացրել է նաև, որ Խորվաթիան «բավական կիսված է կարևոր և անկարևոր հարցերի պատճառով», որոնք պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով, և միասնության կոչ է արել բոլոր քաղաքացիներին: Խորվաթիայի արտաքին և ներքին քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը, նախագահը ավելի շատ կատարում է ներկայացուցչական գործառույթ և ընտրվում է 5 տարին մեկ անգամ: