ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Արծվիկ Մինասյան. 2019 թվականը կորցրած հնարավորությունների և նոր սպառնալիքների ձևավորման տարի էր

Արծվիկ Մինասյան. 2019 թվականը կորցրած հնարավորությունների և նոր սպառնալիքների ձևավորման տարի էր
23.12.2019 | 23:50

2019-ը կորցրած հնարավորությունների և նոր սպառնալիքների ձևավորման տարի էր՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ պետության, հասարակության, հայ ժողովրդի կյանքում առնվազն 7 կարևոր ուղղություններով նոր սպառնալիքներ են ձևավորվել: Առաջին երեքը, ըստ Մինասյանի, արտաքին հարաբերություններն են, արցախյան հարցով բանակցությունները և հայոց բանակը, սակայն հասարակական հարաբերություններում շատ կարևոր են նաև մյուս 4 ուղղությունները: Դրանցից մեկը վերաբերում է ՀՀ-ում, հայկական իրականության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը: «Ատելության խոսքը, քարոզը, վարքագիծը, որ բխում է նախևառաջ իշխանության ձևավորած անձանց վարքագծից, ցավոք սրտի, Հայաստանում դարձավ առօրյա, և համացանցում գրեթե ամեն օր տարածվող հարյուր հազարավոր վիրավորական մեկնաբանությունները վկայում են, որ իշխանությունը կարևոր մնալու համար ամեն գնով մանիպուլյացիաների միջոցով փորձում է ընտրել նոր թիրախներ, նոր թշնամի, նոր հակառակորդ»,-ասաց Մինասյանը՝ ընդգծելով նաև, թե բոլոր այն անձինք, որոնք մտածում են, թե պետք է թողնել, որ իշխանությունները սխալվեն, որ հասարակության «աչքերը բացվեն», սխալվում են. «Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվել և թողնել, որ իշխանությունը տապալի ամեն ինչ»,-հավելեց նա: Մինասյանը նշեց, որ հասարակական լարված մթնոլորտում, անհանդուրժողականության պայմաններում շատ ավելի ծանր հետևանքներ են առաջացնում օտարածին օրակարգերի սպասարկմանը պատրաստ և դրանք հասարակության քաղաքական կյանքում անընդհատ ու ամեն օր ներմուծվող մոտեցումները: «Դրանք փորձ են՝ ձևավորելու մի հասարակություն, որը չունի դիմադրողականություն, որն ապրում է առօրյա հաճույքներով և պատրաստ չէ ազգային գաղափարների ու նպատակների համար պայքար տանել, կամ, լավագույն դեպքում, նրա պայքարը պետք է լինի, այսպես կոչված, համայն աշխարհի կամ մարդկության շրջանակներում պարզապես սեփական բարեկեցությունը բարելավելը»,-պարզաբանեց ՀՅԴ ԳՄ անդամը:


Մյուս մարտահրավերը, ըստ Մինասյանի, իշխանության մեջ մենատիրության հաստատման առարկայական գործողություններն են: «Դատարանների նվաճման քաղաքականությունը, որ իշխանությունը վերից վար պլանավորված ձևով փորձում էր իրականացնել, բացահայտում է նաև անձնիշխանության, անձնակենտրոն իշխանության ցանկություններն ու ձգտումները: Դատարանների վրա ճնշումները խոսում են այն մասին, որ մենք ոչ միայն չենք կարող իրավական պետության մասին խոսել, այլև հակառակը՝ խոսում ենք բռնապետության մասին, մի հասարակության մասին, որտեղ մատնությունը դարձել է հիմնական վարքագծի կանոն»,-ասաց նա՝ նշելով, թե իշխանությունները վերացել են ժողովրդավարական ամենատարրական կանոններից: Արծվիկ Մինասյանն ասաց նաև, թե քաղաքական կուսակցությունները, որոնք պետք է երկրում հասարակության-քաղաքական կամքը ձևավորեն, այսօր, ինչքան հնարավոր է, պիտակավորվում են, և հատկապես այն կուսակցությունները, որոնք իշխանությանը ընդդիմախոսում են:


«Այսինքն՝ ոչնչացվում է հենց քաղաքական ինստիտուտի կարևոր մի հատված: Առանց քաղաքական կուսակցությունների՝ նաև գաղափարախոսություն չի կարող լինել, առանց գաղափարախոսության՝ ապագա չի կարող լինել: Պատահական չէ, որ եթե առանց գաղափարախոսության ձևավորվում է իշխանություն, այն կամ պետք է գնա մենիշխանության հաստատման և բռնատիրության միջոցով իշխանությունը պահելուն, կամ պարզապես պետականությունը կորցնելու ճանապարհով»,-ասաց Մինասյանը:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ